Քիմ Քարդաշյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շոայի հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը

10:40, 8 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շոայի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնի հեռուստաասղը տեղեկացրել է Instagram-ի իր էջում, որտեղ տեղադրել է իր լուսանկարը Ցեղասպանության 100-ամյա վերապրածի հետ:

«Պատիվ ունեմ մասնակցելու Շոայի հիմնադրամի միջոցառմանը` աջակցելու Հայոց ցեղասպանության վկայությունների տարածմանը: Ես նստած եմ ամենաոգեշնչող մարդու` Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ականատեսի կողքին»,- նման գրառում է թողել Քարդաշյանը:

Շոայի հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին Սթիվեն Սփիլբերգի կողմից: Այն ոչ կոմերցիոն կառույց է, որը տեսաձայնագրության ձևաչափով հավաքագրում է Հոլոքոստի վերապրածների ու ականատեսների վկայությունները: Հիմնադրամն արդեն 2002 թվականին ուներ հավաքագրած  ու ձայնագրած 52 հազար հարցազրույցներ Հոլոքոստի ականատեսների հետ 56 տարբեր երկրներից:


© 2009 ARMENPRESS.am