Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է խաղաղության 6 կետերի իր տեսլականը

21:44, 7 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կայանա Խաղաղության համաձայնագրի հիման վրա` կողմերի համաձայնությամբ, և ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով, ապագայում: Ելույթ ունենալով  Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում` այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:

Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով` ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է:

«Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը:

Նա նաև կոչ է արել կողմերին հանձնառություն ստանձնել և ձեռնամուխ լինել բանակցություններին` կարևորելով նաև ժողովրդական դիվանագիտության դերը: «Մենք բոլորս պետք է աջակցենք ակտիվ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրոնական առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և բոլոր մյուսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տևական խաղաղություն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահությունը, հավատ ընծայելը և երկու երկրների ժողովուրդների մասնակցությունը»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am