Իջևանում կայացել է «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով քննարկում

16:10, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-քննարկմանը մասնակցել են բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծել է այն մեծ դերակատարությունը, որ ունի Ազգային բանակը պետության անվտանգության, արտաքին սպառնալիքի կանխարգելման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ միայն հզոր զինված ուժերը կարող են դառնալ հայ ժողովրդի գոյության և կայուն զարգացման երաշխավորը:

Խոսելով ցեղասպանությունը վերապրածների սերունդների, նրանց պատմական հիշողության մասին` ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը որպես այդ հիշողության և պահանջատիրության ակնհայտ օրինակ, նշել է արցախյան ազատամարտին տասնյակ սփյուռքահայերի մասնակցությունը. նրանց մեջ եղել են հերոսներ, որոնք իրենց արյամբ  գրել են այդ հաղթական պատմությունը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին,  անժխտելի է համարել այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:

Իր ելույթում ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշել է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ոչնչացման փորձը ոչ միայն մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի պատճառ դարձավ, այլ նաև հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ վերապրածների վրա: Հայ ժողովրդի կրած հոգեբանական ցնցումը սերունդների համար որոշակիորեն հաղթահարելի եղավ Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:

Հավաք-քննարկումը կազմակերպել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը: 


© 2009 ARMENPRESS.am