Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը

15:03, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը:  Ապրիլի 22-ին կայանալիք համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգը կնվիրվի Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:   

Արսեն Այտընյանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և  աշխարհաբարի հոյակապ աշխատություններով: Բազմաթիվ հայագիտական աշխատանքների,  հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով,  որն այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում: Այտընյանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը՝ լարային, փողային և հարվածային գործիքներով: Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ այս պատարագն առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:

Բացի այդ, նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով: Ծնված լինելով Պոլսում` կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ. 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886թ.`  ստացել է արքեպիսկոպոսական օծում: Կայանալքի համերգի մուտքը հրավիրատոմսերով է:


© 2009 ARMENPRESS.am