Ժամանակակից հայ նկարիչները հմայել են էստոնացի արվեստասերներին իրենց աշխատանքներով ու վերադարձել նոր փորձառությամբ

14:47, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներն առաջին անգամ ներկայացվել են Էստոնիայի ազգային գրադարանում ու արժանացել այնտեղի արվեստասեր հանրության բարձր գնահատականին:

«Մշակութային երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և Էստոնիայի մշակույթի նախարարության աջակցությամբ երեք հայ նկարիչ` Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը մեկնել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին և չորս շաբաթ ստեղծագործել «Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի» արվեստանոցներում: Նկարիչները մեկամսյա աշխատանքի արդյունքում ստեղծել են գործեր` օֆսեթ լիտոգրաֆիայի և մենատիպի տեխնիկաներով: Ապրիլի 10-ին բացվել է «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը Էստոնիայի ազգային գրադարանում:

«Մշակութային երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով, նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս նախորդ տարվա հունիսին, երբ  հայ նկարիչները ճանաչողական այցով մեկնել էին Տալլին: «Հայ նկարիչները չորս շաբաթ` մարտի 15-ից մինչ ապրիլի  15-ը, ստեղծագործել են Տալլինում ու ստեղծել աշխատանքներ, որոնք ներկայացվել  են ցուցահանդեսի ժամանակ: Այս իրադարձությունը նշանակելի էր այն փաստով, որ, ինչպես և վկայում է Էստոնիայի ազգային գրադարանի տնօրենը, հայ ժամանակակից արվեստն առաջին անգամ ցուցադրվեց  այնտեղ: Մեզ համար այս փորձը կարևոր էր նաև այն պատճառով, որ Տալլինի արվեստասեր հասարակության մեծ մասն  առաջին անգամ ծանոթացավ հայ ժամանակակից արվեստին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սոնա Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ, այս նախագծի շրջանակներում նախատեսում է փոխադարձ այց էստոնացի նկարիչների կողմից: «Այս տարի աշնանը նախնական պայմանավորվածությամբ Էստոնիայի գրաֆիկները կայցելեն Հայաստան  և մայրաքաղաքում կներկայացնեն իրենց աշխատանքները»,-նշեց Սոնա Հարությունյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարիչները ներկայացրին Տալլինում իրենց ստացած տպավորությունները:

Նկարիչ Արման Վահանյանի խոսքով, սրտի տրոփյունով էին սպասում նորից Էստոնիա մեկնելուն, քանի որ առաջին անգամ լավ տպավորություններիով էին վերադարձել: «Աշխատել ենք շատ ինտենսիվ` առավոտից երեկո, ձեռք ենք բերել նոր գիտելիքներ և հուսանք նորից առիթ կլինի վերադառնալու»,-ասաց նկարիչը:

Տիգրան Կիրակոսյանն էլ նշեց, որ այցն ինչպես աշխատանքային մեծ նշանակություն ունեցավ, այնպես էլ նպաստեց ինքնաճանաչողությանն ու նոր ստեղծագործական մոտեցումներ տվեց: «Երբ քո հայրենիքից գնում ես, քեզ նորովի ես ճանաչում, նոր կողմեր ես բացահայտում ասելիքի առումով: Այս այցն արժեքավոր էր նաև նրա համար, որ դրա ընթացքում մենք ժամանակը հենց այնպես չվատնեցինք, այլ ստեղծեցինք մնայուն գործեր»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը:

Նրա հավաստմամբ, ցուցադրության ժամանակ իրենց աշխատանքներն արժանացել են էստոնացի արվեստի վաստակավոր գործիչների հավանությանը: «Հետաքրքրությունը վաստակավոր գործիչների կողմից էր, ինչը կարևոր նշանակություն ուներ մեզ համար: Երբ փորձառուն է գալիս ու իր կարծիքը հայտնում  ու ասում, որ դու նոր շունչ ես բերել, դա շատ կարևոր է: Քանի որ մենք դեռ կապերը չենք խզել ավանդույթների հետ, դրա համար էլ մեզնով  հետաքրքրվեցին շատ փուլեր տեսած արվեստագետներ, ինչը շոյիչ էր»,-ասաց ժամանակակից նկարիչը:

Հարցին, թե նկարիչները պատրաստվո՞ւմ են իրենց ստացած փորձը կիսել իրենց գործընկերների հետ, Տիգրան Սահակյանը նշեց, որ Հայաստանում չկան համապատասխան պայմաններ: «Մենք Տալլինում աշխատում էինք արվեստանոցներում, ուր կային մի քանի հաստոցներ, որոնք մենք, ցավոք, չունենք Հայաստանում, ուստի անհնար է իրականացնել փորձի փոխանակումը»,-նշեց նկարիչը, ով դասավանդում է նաև Երևանի գեղարվեստի ակադեմիայում: 

Նկարիչները համակարծիք էին, որ Հայաստանում գրաֆիկական արվեստի վիճակը բարվոք չէ: Առկա է ինչպես աշխատանքային գործիքների` հաստոցների, այնպես էլ մասնագետների պակասություն:


© 2009 ARMENPRESS.am