Ապրիլը Հայերեն Վիքիպեդիայում Հայոց ցեղասպանության մասին նյութերով համալրման միամսյակ է

17:18, 27 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունն ապրիլը հայտարարում է Հայերեն Վիքիպեդիայում հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին հոդվածներով համալրման միամսյակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը: «Ամեն ամիս թեմատիկ բաժանումներ ենք անում,  որը հետաքրքրություն է առաջացնում խմբագրողների շրջանում: Հայոց ցեղասպանության ու հայկական հարցին անդրադարձանք, քանի որ հաջորդ տարի լրանում է հայկական կոտորածների 100-րդ տարելիցը և ցանկալի է, որ գոնե մեկ տարի առաջ հիմնական բոլոր հարցերի մասին հոդվածներ ունենանք, որոնք հետագայում` մեկ տարվա ընթացքում, հասցնենք լավ որակի»,-նշեց Մհեր Բեքարյանը: Նրա խոսքով` կարևոր է ունենալ նմանատիպ հոդվածներ, որպեսզի այլ երկրներից տարբեր լեզուներով խմբագրողներն օգտվեն հենց դրանցից: «Այս քայլով մենք կապահովենք հայամետ և օբյեկտիվ փաստերի առկայությունը համացանցում»,-նկատեց Մհեր Բեքարյանը:

«Վիքիմեդիա Հայաստանը» ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013-ի մայիսին եւ հանդիսանում է «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի-նախագծերի տարածումն ու զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Հայկական վիքիպեդիայում ստեղծվել է ավելի քան 115 հազար հոդված:


© 2009 ARMENPRESS.am