«Արմենպրես»-ը միանում է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը

18:18, 24 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Հայերեն Վիքիպեդիա»-ն տարբեր նյութերով հարստացնելու նպատակով սկսել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությունը: Կազմակերպիչները կոչ են անում մարտի 24-ից սկսած Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին ստեղծել հայերենով առնվազն մեկ հոդված:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս միացել է նախաձեռնությանը, և գործակալության յուրաքանչյուր աշխատակից հանձն է առել մեկ հոդվածի պատրաստումը: «Արմենպրես»-ը հուսով է, որ այս քայլը վարակիչ կլինի, և մեծ թվով մարդիկ կմիանան «Հայերեն Վիքիպեդիա»-ի հարստացմանը:

Կազմակերպիչները խորհուրդ են տալիս խմբագրումներ կատարելիս օգտվել հետևյալ հղումից:

«Վիքիմեդիա Հայաստանը» ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013-ի մայիսին եւ «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն է։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի-նախագծերի տարածումն ու զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Հայկական վիքիպեդիայում ստեղծվել է ավելի քան 100 հազար հոդված:


© 2009 ARMENPRESS.am