Արսեն Ղազարյանը Երեւան-Վան թռիչքների մեկնարկը հավանական է համարում մայիսից

13:31, 12 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Վան ավիաթռիչքներն սկսելու շուրջ թուրքական ավիացիոն իշխանությունների հետ բանակցություններն ակտիվացել են, ամենաբարդ խնդիրն ինքնաթիռի ընտրությունն է, որի լուծման դեպքում ավիաչվերթները կարող են սկսվել մայիսից: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Նախաձեռնությունը թարմացված է, պայմանագրեր են կնքվում: Ամենաբարդ տեխնիկական հարցը, որ ունենք, համապատասխան ինքնաթիռի ընտրության խնդիրն է, եթե լուծվի՝ մայիսից չվերթները կսկսվեն»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ մինչև ապրիլի 10-12-ը պետք է հստակություն մտցվի այդ հարցում:

Անդրադառնալով ավիաչվերթների հարցում Թուրքիայի կողմից քաղաքական խոչընդոտների առկայությանը՝ միության նախագահը նշեց. «Այս պահին դեռևս չկա, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»: Բանակցությունները վարում են անցյալ տարի նման նախաձեռնություն ցուցաբերած ընկերությունները:

Երևան-Վան առաջին չարթերային չվերթը պետք է տեղի ունենար 2013թ. ապրիլի 3-ին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հետ կանգնեց: Երևան-Վան-Երևան չվերթը պետք է իրականացներ «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով (տևողությունը՝ 40 րոպե): Երևան-Վան առաջին չվերթի տոմսերը արժեին 250 դոլար: Առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում նախատեսվում էր տոմսերը վաճառել 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամովԲավական ինտենսիվ այդ ուղղությամբ կատարվող քայլերը կասեցվեցին Թուրքիայի քաղաքական դիրքորոշման պատճառով:


© 2009 ARMENPRESS.am