Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Վարդանանց տոնը

19:49, 27 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 27-ին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նշվում է Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի և հիշատակն է Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի և հայրենիքի պատերազմած ու նահատակված մեր քաջ հայորդիների: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արարատյան հայրապետական թեմի մամուլի դիվանից, այդ առթիվ այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվել:

ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վարդան ավագ քահանա Մկրտչյանն էր: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության առթիվ Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ սրբազանի նախագահությամբ  կատարվել է  Հայրապետական մաղթանք:

Այնուհետև Սրբազան հայրն իր մասնակցությունն է բերել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում կազմակերպված միջոցառմանը: Այստեղ առավոտյան մատուցված Ս. Պատարագի ավարտին (պատարագիչ` Տ. Վարդան քահանա Գափոյան) Եռաբլուրի գլխավոր հուշարձանի մոտ, Տ. Պետրոս ավագ քահանան Մալյանի գլխավորությամբ, Տ. Պարթև քահանա Մուրադյանի և Տ. Վարդան քահանա Գափոյանի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստի կարգ ` ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված զինվորների:

Դրանից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել ոգեկոչման համերգ: Տ. Նավասարդ Սրբազանը,  ողջունելով հավաքվածներին, երախտիքի խոսքեր է ուղղել զոհված ազատամարտիկների ծնողներին:

Երեկոյան ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ու Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ս. Վարդանանց տոնին:


© 2009 ARMENPRESS.am