Սոչի-2014. Կատյա Գալստյանը 64-րդն էր դասական դահուկավազքում

15:50, 13 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Օլիմպական չեմպիոնի կոչումը նվաճեց Յուստինա Կովալչուկը: Արծաթե և բրոնզե մեդալների արժանացան շվեդ Շարլոտ Կալան և Թերեզա Յոհաունգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում: Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Նա հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: 

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: 


© 2009 ARMENPRESS.am