Պուտինը անհեռատես է համարում մրցակցային պայքարի նպատակով Օլիմպիական խաղերը քննադատողներին

11:31, 8 Փետրվար, 2014

ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ռուսաստանին` Օլիմպիական խաղերի նախապատրաստման հարցում քննադատելը մրցակցային պայքարի տարր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին որևէ վնաս հասցնել ցանկացողների քանակը միշտ էլ բավարար է եղել:

«Սա նույնպես մրցակցային պայքարի տարր է, և դրան պետք է  վերաբերել` որպես սովորական երևույթի: Երբ սկսում են փնտրել այդ մրցակցային պայքարի որևէ միջոց, մեզ «կսմկտելը» այդ գործիքներից մեկն են դարձնում»,- ասել է ՌԴ Նախագահը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության պատրաստած «Философия мягкого пути» ֆիլմում:

Նախագահն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերը վատաբանողները անհեռանկար մարդիկ են, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ են անում:

«Արդեն սպորտային շարժումը, և ադ թվում` նաև միջազգային օլիմպիական շարժումը, մեկ անգամ 1980 թվականին անցկացված օլիմպիական խաղերում արդեն «վառվել է», երբ մասնակից երկրների մի մասը բոյկոտում էր Խորհրդային Միությունում անցկացված խաղերը` հաշվի առնելով զորքերի մուտքը Աֆղանստան»,- հիշեցրել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ նման մոտեցումը վիրավորական է մարզիկների համար, քանի որ նրանք պատրաստվել են իրենց կյանքի գլխավոր մեկնարկին և աշխարհը սպասում է այդ մեկնարկին:

«Եվ հանկարծ ինչ-որ մարդիկ, իրենց` սպորտի հետ որևէ առնչությւոն չունեցող դիտարկումներով, ինչ-որ որոշումներ են կայացնում»,- ավելացրել է ՌԴ նախագահը:


© 2009 ARMENPRESS.am