ՀՀ վարչապետը և Ռումինիայի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարները

18:35, 4 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Վարչապետը հույս է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապերը և նոր թափ կհաղորդի հայ-ռումինական համագործակցությանը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի աշխուժացման և ամրապնդման:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և այդ նպատակով տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Առկա ներուժի լիարժեք իրացման առումով կարևորվել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարար կապերի ակտիվացումը, բիզնես համաժողովների կազմակերպումը: Ընդգծվել է Ռումինիայի հայ համայնքի նշանակալի դերը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին: Այս համատեքստում վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է Ռումինիայի իշխանությունների հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:


© 2009 ARMENPRESS.am