Հայ երաժիշտները «Սարի աղջիկը» ձայնագրել են ազգային նվագարանների նվագակցությամբ

12:51, 13 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Սարի աղջիկ» երգը ադրբեջանա-թուրքական սեփականաշնորհումից փրկելու հաղթարշավը շարունակվում է: Դուդակահար Տիգրան Կարապետյանի նախաձեռնությամբ ժողովրդական երաժշտությունը ձայնագրվել է հայկական ազգային երաժշտական գործիքների` դուդուկի, զուռնայի, քանոնի, թառի նվագակցությամբ: Երգի հայկական արմատների վերհանմանն ու հայտնի դառնալուն միտված համանուն երիտասարդական նախագծի համահեղինակ Անի Մարգարյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկը համարեց այն, որ ժամանակի ընթացքում նորանոր մարդիկ են միանում և հանդես գալիս սեփական գաղափարներով:«Այս երգը ոչ թե մեր նախագծինն է, այլ ժողովրդինը: Եվ շատերը այն ժողովրդին նորովի հասցնելու համար իրենց տարբերակներն են մշակում»,- ասաց Մարգարյանը:

 Նախագիծը 2013 թվականի վերջին հանրության դատին էր հանձնել երգիչ Անդրեի կողմից ձայնագրված երգը, սակայն այս տարի կանխատեսվում է, որ այն կներկայացվի նաև այլ անվանի կատարողների կողմից: Նրանց անունները դեռևս չեն հրապարակվում, սակայն ձայնագրման աշխատանքներն արդեն ընթանում են:

Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակում առաջիկայում կկազմակերպեն նաև նկարահանումներ` հայկական ամբողջական տարազով, սակայն այս անգամ ոչ թե աղջիկների, այլ տղաների համար: «Մենք շատ նամակներ ենք ստանում այն մասին, որ տղաներն էլ մասնակցեն ֆոտոնկարահանումներին և մենք որոշեցինք, որ հաջորդը` նրանց մասնակցությամբ պետք է լինի»,- հավելեց համահեղինակը:

Այժմ ֆեյսբուքում նախաձեռնությանը հետևում է շուրջ 2600 մարդ: Նախագծի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը: Նախաձեռնությունը ստեղծել է նաև sari-aghjik.com կայքը, որտեղ հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկատվություն երգի հայկական արմատների և նախագծի ընթացիկ նորությունների մասին:

«Սարի աղջիկ» երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում: Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայնհայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկթուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին»)անհամապատասխանություն կա: Այս երգը հայկական են համարում նույնիսկ Թուրքիայում:


© 2009 ARMENPRESS.am