Գեղարքունիքում իրացվել է արտադրված կարտոֆիլի մոտ 50 տոկոսը

15:16, 16 Դեկտեմբեր, 2013

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է կարտոֆիլի բերքի իրացումը համեմատաբար բարձր եւ շահավետ գներով: Ի տարբերություն նախորդ տնտեսական տարվա գների, երբ պարենային կարտոֆիլի մեկ կիլոգրամը տեղում մթերվում կամ վաճառվում էր ոչ ավելի, քան` 40-60 դրամով, այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին այն արդեն տեղում վաճառվում է 130-140 դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, կարտոֆիլի գնի բարձրացումը եւ մթերքի համեմատաբար  արագ սպառումն այս տարի հիմնականում պայմանավորված է արտահանման ծավալների կտրուկ ավելացմամբ: Մթերող կազմակերպությունները մարզի բոլոր համայնքներից պարենային կարտոֆիլն արտահանում են Իրան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն: Արտահանման նման տեմպերի պահպանման դեպքում, ինչն առայժմ կասկած չի հարուցում, Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսությունները հիմնականում լուծել են կարտոֆիլի իրացման խնդիրը մոտ 50 տոկոսով: Արտադրանքի մնացած մասը լիովին կիրացվի մոտակա ժամանակներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը եւս հավաստեց, որ իրենց գյուղում դեկտեմբերի կեսերի դրությամբ արդեն իրացվել է արտադրված պարենային կարտոֆիլի մոտ 40 տոկոսը` 130-140 դրամով:

Ամբարված բերքի ոչ արագ սպառումը նման շահավետ գնի եւ մթերման անսահմանափակ հնարավորությունների պայմաններում տեղի չի ունենում հիմնականում այն պատճառով, որ շատ տնտեսություններ ցանկանում են իրենց բերքը վաճառքի հանել գարնան սկզբներին` ավելի բարձր գներով:

Անկախ ամեն ինչից` արդեն պարզ է, որ կարտոֆիլի իրացման շահեկան հնարավորությունները խթանելու են կարտոֆիլի ցանքերի եւ արտադրության ծավալների աճը 2014 թվականի ընթացքում:

2013 թվականին Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արտադրվել է մոտ 320 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերք:


© 2009 ARMENPRESS.am