Հայաստանի 3 մարզերում կկառուցվի 5 սպանդանոց

16:37, 13 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում, 2014 թվականին կկառուցվի 5 սպանդանոց: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«2013 թվականին մենք շարունակել ենք սպանդանոցների զարգացման ծրագիրը: Այն պետության համար մեծ նշանակություն ունի, քանի որ ապահովում է սննդի անվտանգության հետագծելիությունը: Մենք 2014 թվականին նախատեսում ենք այս ծրագիրն ավարտել` Հայաստանի Հանրապետության 3 մարզերում 5 նոր սպանդանոցների կառուցումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը՝ չբացառելով նաև Լոռու մարզում սպանդանոցի կառուցման հնարավորությունը:

Փոխնախարարը նշեց, որ ծրագրվում է սպանդանոցները կապել սննդի մանրածախ առևտրի կազմակերպությունների հետ՝ սպառողների կողմից անվտանգ մսի ձեռբերումն ապահովելու համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ­-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից`Հունաստանի կառավարության ֆինանսավորմամբ:

Հարությունյանը նաև ներկայացրեց 2013 թվականին գյուղատնտեսության այլ ենթաճյուղերում իրականացված աշխատանքերը: Նա կարևորեց ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և կոլեկցիոն այգու ստեղծումը: «Այս ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռնվել հավաքել ծիրանի բոլոր գենետիկ ռեսուրսները մեկ վայրում»,- ասաց Հարությունյանը: Գյուղատնտեսության փոխնախարարը կարևորեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ կատարված քայլերը:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում գործում է շուրջ 2 տասնյակ սպանդանոց: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մսի արտադրության ծավալն աճել է 5.1 տոկոսով և կազմել  41 հազար 907.5 տոննա:

 


© 2009 ARMENPRESS.am