Հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ պատգամավորների 326 առաջարկություններից կառավարությունն ընդունել է 31-ը

17:43, 11 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2014թ.-ի պետական բյուջեի քննարկումների արդյունքում կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովների և պատգամավորների կողմից ստացել է 326 առաջարկություն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում կառավարությունն ընդունելի է համարել 31 առաջարկություն, ևս 208 առաջարկություններին տրվել են համապատասպան պատասխաններ կամ կառավարությունը նպատակահարմար է համարել քննարկել դրանք առաջիկա բյուջետային ծրագրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ բարձրացրած հարցերի հիմնական մասը վերաբերվել է 2014թ.-ի պետբյուջեի նախագծում տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց ավելացմանը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների վերաբաշխմանը: Դրա հետ մեկտեղ,  ներկայացվել են բյուջետային եկամուտների ավելացմանը վերաբերվող առաջարկություններ:

Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները՝ պետբյուջեի նախագծում առաջարկած լրացուցիչ եկամուտների մասը գնահատվում է 196.5 միլիարդ դրամ, իսկ լրացուցիչ ծախսերի ծավալը 299 միլիարդ դրամ:

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Դեկտեմբերի 12-ին ՀՀ 2014թ.-ի պետբյուջեի նախագիծը կդրվի քվեարկության:


© 2009 ARMENPRESS.am