Քաղաքագետի գնահատմամբ ռուսական ռազմաբազայի արդիականացումը բխում է Հայաստանի ազգային շահերից

13:38, 26 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել է մի ժամանակահատված, երբ Ռուսաստանը ցանկանում է ուժային բեւեռ դառնալ եւ հենց այդ նպատակով է նա վերազինվում ու ջանքեր գործադրում տարածաշրջանում ուժեղ դիրք զբաղեցնելու համար: Ռուսաստանի համար սկսվել է վերելքի շրջան, եւ այդ վերելքի ճանապարհին որպես դաշնակից ընտրել է Հայաստանն ու Արցախը: Այս մասին նոյեմբերի 26-ին կայացած ասուլիսում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` հավելելով, որ այսօր երկու ժողովուրդների եւ պետությունների շահերի ու անվտանգության հարցում համընկնում կա:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, քաղաքագետի գնահատմամբ` որոշումը շատ դժվար է, ճանապարհը` վտանգավոր, բայց միաժամանակ այն շահավետ է Հայաստանի համար: «Մենք պետք է գնանք հոսանքին զուգահեռ, բայց լինենք խոհեմ: Եթե Հայաստանում ռուսական ռազմաբազան արդիականանում է, պարզ է, որ դրա համար անհրաժեշտ է տարածք: Սա ռազմաքաղաքական հարց է, եւ հենց ռազմաքաղաքական ղեկավարության իրավասության շրջանակումպետք է լինի հարցի որոշումն ու գործընթացը: Ես չեմ հասկանում այն աղմուկը, որ առաջացել է վերջին տասը օրվա ընթացքում ռուսական 102-րդ ռազմաբազային նոր տարածքներ տրամադրելու կապակցությամբ: Կասկածելն ավելորդ է, քանի որ այն բխում է  Հայաստանի ազգային շահերից»,- ասաց Լեւոն Շիրինյանը` հավելելով, որ ապագայում Հայաստանի դերն ու նշանակությունն ավելի է մեծանալու:

Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը ամրագված է ՀՀ եւ ՌԴ միջեւ 1995 թվականի  մարտի 16-ի` ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմամագրով: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարված այցի շրջանակում փոփոխություն կատարվեց պայմանագրում, համաձայն որի 49 տարով երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում: 2011 թ. ապրիլին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազային տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու որոշումը: Վերջերս կառավարության կայացրած որոշման համաձայն Էրեբունի օդնավակայանը եւ հարակից մի քանի փողոցները ժանամակավոր տրամադրվեցին ռուսական ռազմաբազային: 


© 2009 ARMENPRESS.am