«Համաշխարհային հմտություններ» հայաստանյան ազգային մրցույթի հաղթողները կմեկնեն Բրազիլիա

15:41, 25 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են «Համաշխարհային հմտություններ» հայաստանյան ազգային մրցույթի արդյունքները: «Խոհարարություն», «Նորաձևություն» և «Ոսկերչական գործ» մասնագիտությունների գծով երրորդ տեղ զբաղեցրած հաղթողները ստացան 16 մբ ծավալի կրիչներ: Երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցներին պարգեւատրեցին պլանշետներով, իսկ առաջին տեղ զբաղեցրածներին` նեթբուքներով: 

Մասնագիտական կրթության ուսուցման և զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի խոսքով, մրցույթն անցել է արդար, թափանցիկ: Մրցույթի հաղթողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին, որը կանցկացվի 2015 թ. Բրազիլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ մասնագիտական կրթության ոլորտը կառավարության համար ուսուցման բոլոր ոլորտների շարքում դարձել է լրացուցիչ ջանքերի, ներդրումների եւ խրախուսման կարեւոր կիզակետ: «Կրթության այս տեսակը պահանջարկ ունի ե’ւ երիտասարդության շրջանում, ե’ւ տնտեսության մեջ: Վերջին տարիներին կտրուկ ավելացել է անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը, ավելացել է պետպատվերը»,- ասաց նա:

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ հայ երիտասարդության մեջ մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: «Մենք այսօր ունենք ավելի սթափ երիտասարդություն, ով կարեւոր չի համարում ինչ- որ մի գրավիչ մասնագիտության գծով որակավորում կամ դիպլոմ ստանալը, այլ մտածում է, որ ավելի լավ է գնալ այն ճանապարհով, որը երաշխավորում է պահանջվածություն մեր գործատուների կողմից, բարձր աշխատավարձ եւ կոնկրետ աշխատանք»,- ասաց Աշոտյանը:

Հայաստնաի Հանրապետությունը  2012  թվականից անդամակցում է համաշխարհային հմտությունների միջազգային կամակերպությունը: Այն 65 անդամ- երկրների շարքում է:


© 2009 ARMENPRESS.am