Ստեփանավանի օդնավակայանը կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկական միջոցներով

14:00, 22 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանի օդանավակայանն առաջիկայում կհամալրվի  Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների տեխնիկայով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագ կանխել հանրապետության տարածքում հնարավոր աղետները: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Ստեփանավանի օդանավակայանը տրամադրված է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն տեխնիկան են տրամադրելու ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ սպասարկումն իրականացնելու է նախարարության անձնակազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը՝ հավելելով, որ նաև օդաչուները կլինեն դրսից:

Նա նշեց, որ օդանավակայանը համալրվելու է ծանր ուղղաթիռներով: Նախարարի խոսքով՝ դրանք օգտակար կլինեն հատկապես անտառային հրդեհների ժամանակ: «Դրանք շատ թանկ հաճույք են, և մեզ համար շատ օգտակար է նման տեխնիկա ունենալ հանրապետության տարածքում»,- նշեց Երիցյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում: Քննարկվում են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը:


© 2009 ARMENPRESS.am