Հայաստանն ակտիվացնում է գինու արտահանումը չինական շուկա

10:14, 22 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գինու նոր խմբաքանակը Չինաստան կարտահանվի դեկտեմբերին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Գինու խմբաքանակը կուղարկվի մինչև դեկտեմբերի սկիզբ: Արտահանվելու է մեկ մեքենա (20 տոննա) բեռ»,- ասաց Հարությունյանը: Նա վստահ է, որ Հայաստանում գինեգործությունը զարգացնելու լուրջ հնարավորություններ կան, և նոր շուկան թույլ կտա ընդլայնել արտադրությունը:

Հայաստանում այս տարի հավաքվել է 166.5 հազար տոննա խաղող: Ընթացիկ տարվա ինն ամիսներին մեր երկրում արտադրվել է ավելի քան 4 միլիոն լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 35.3 տոկոսով: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 991 հազար 800 լիտր գինի, որի 90.5 տոկոսը՝ Ռուսաստան, իսկ Չինաստան՝ ընդամենը 39 հազար լիտր: Ամբողջ 2012 թ.-ին ՀՀ-ից ՉԺՀ էր արտահանվել մոտ 4 հազար լիտր գինի: Ընթացիկ տարվա ինն ամիսներին ՀՀ-ից ՉԺՀ է արտահանվել նաև 45.5 հազար լիտր սպիրտային ըմպելիք և 9000  լիտր խմորման ենթարկված այլ ըմպելիք:  Հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ցուցանիշը կազմել է 321 միլիոն դոլար:


© 2009 ARMENPRESS.am