Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը ԱՄՆ-ում տարվա լավագույն գիրք է ճանաչվել

14:03, 15 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Թաներ Աքչամի` «Մարդկության դեմ երիտասարդ թուրքերի կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» (The Young Turks’ Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire) աշխատությունը Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների միության (Middle East Studies Association – MESA) կողմից ընտրվել է 2013 թ-ի լավագույն գիրք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը` նշելով, որ մրցանակը Աքչամին հանձնել են հայտնի գիտնականներ Վահագն Դադրյանը եւ Ռիչարդ Հովհաննիսյանը:

MESA-ի հանձնաժողովը մրցանակը Թաներ Աքչամին հանձելու ժամանակ հայտարարել է. «Սա Հայոց ցեղասպանության մասին մինչ այսօր եղած ամենահզոր պատմական թեզն ու շատ ազդեցիկ գիտական աշխատություն է»:

Պարգեւի հետ կապված պատասխան խոսքում Թաներ Աքչամն ասել է. «Մրցանակ շնորհելով Հայոց ցեղասպանության մասին գրքին` իրականում, MESA-ն գուցե եւ հայտնում է Օսմանյան պատմագրության մի շրջանի ավարտի մասին»:

Թաներ Աքչամը (ծնվել է հոկտեմբերի 23-ին, 1953թ.) թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է: Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։

Թաներ Աքչամը ծնվել է Արդահանում: Նա քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից: 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության: Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո: 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում: Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանությանն առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում: 


© 2009 ARMENPRESS.am