Համայնքային 2-րդ փառատոնը համախմբեց 43 համայնքների ներկայացուցիչների

20:27, 1 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզերի 43 համայնքների ներկայացուցիչներ հոկտեմբերի 1-ին, Համայնքային 2-րդ փառատոնի շրջանակներում, Սիրահարների այգում ներկայացրին իրենց տեղական ավանդույթները և արվեստը: «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս միջոցառումը Հայաստանի համայնքների ներկայացուցիչների համար ստեղծում է մեկ հարթակ` նոր գործընկերներ գտնելու, իրենց մրցակցային առավելությունները ներկայացնելու, հաջողության պատմությունները ներկայացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան և ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:

«Այս միջոցառումը բոլոր համայնքների համար հավաքվելու, նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու, իրենց հաջողությունները ցույց տալու և պլանները ներկայացնելու լավ հնարավորություն է: Այս փառատոնը կօգնի բոլոր մասնակիցներին գտնել համագործակցության նոր եզրեր»,- նշեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանը:

Քառասուներեք համայնքներից յուրաքանչյուրն իրեն հատկացված տաղավարում ներկայացրեց իր մշակույթը, բարիքները, արհեստները, արվեստի գործերը: Անցկացվեցին նաև տարատեսակ վարպետության դասեր, որոնց ընթացքում համայնքների ներկայացուցիչները պատրաստեցին կերակուրներ, ասեղնագործեցին, պարեցին:

Համայնքային փառատոնի նպատակն է զարգացնել մասնակից համայնքների ներկայանալու կարողություններն ու հմտությունները, օգնել նրանց գնահատելու իրենց մրցակցային առավելությունները և հետագայում մշակելու իրենց համայնքների զարգացման ռազմավարական ծրագրերը:  


© 2009 ARMENPRESS.am