Նա հեռացավ հարստացնելու այն աշխարհը, իսկ մենք աղքատացանք. տեղի ունեցավ Սոս Սարգսյանի հոգեհանգիստը

20:06, 28 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համազգային» թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ներկա էին նաև բազմաթիվ դերասաններ, երգիչ-երգչուհիներ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հայ ազգը խորը վշտի մեջ է: «Կյանքից հեռացել է մի մարդ, ով միշտ քայլում էր մեր ժողովրդի հետ, և մենք տեսնում ենք, որ այսօր հազարավոր մարդիկ գալիս են, իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեծ վարպետի հիշատակին: Նա ոչ միայն դերասան էր, այլ ազգային մարդ, մեր պետականության համար մեծ ճանապարհ անցած: Նա բոլոր դժվարություևնները կիսում էր ժողովրդի հետ և միշտ վայելել է ազգի հարգանքը: Մենք խորը վիշտ ենք ապրում, որովհետեև այս կորուստը հնարավոր չէ հետ բերել, իսկ նրա պակասը մենք անպայման կզգանք, քանի որ նա իր ուրույն տեղն ուներ մեր կյանքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասան Մուրադ Ջանիբեկյանը նշեց, որ կյանքից հեռացավ մեծ արվեստագետը, մեծ սովորեցնողը: «Ցավոք, մեզ միայն սովորեցնում են՝ ինչպես ստեղծել, սակայն չեն սովորեցնում` ինչպես պահպանել: Սոս Սարգսյանը գնաց այն աշխարհը հարստացնելու, սակայն մենք` աղքատացանք: Գուցե նա գնաց այնտեղ միանալու իր հարազատնրեին, մտերիմներին, ընկերներին: Թող Աստված լուսավորի մեծ վարպետի հոգին»,- նշեց նա:

Դերասանուհի Նելլի Խերանյանը նշեց, որ մարդը ծերանում է և հեռանում այս աշխարհից, սակայն արվեստագետը երբեք չի հեռանա: «Նա միշտ կմնա մեր սրտերում, նրա հոգին միշտ այստեղ է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Սոս Սարգսյանի ամեն մի ժեստն ու շարժումը, խոսքը և նրա թողած դպրոցը հայ ազգի հետ է մնալու:

Սեպտեմբերի 26-ին կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։  Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր: 1997-2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը, 2008թ.` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ» (1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր: 


© 2009 ARMENPRESS.am