Ռումինիայի ԱԳ նախարարը կոչ է անում ԼՂ-ում առօրյա կյանքի կարևոր հարցերը չդարձնել քաղաքական մոտեցումների գերի

15:35, 14 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հարևան Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլեցիանը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղ հակամարտության վերաբերյալ Ռումինիայի դիրքորոշման մասին Եվրոպայի ադրբեջանցիների համայնքի հարցմանը:

«Այնուամենայնիվ, Հարավային Կովկասը հուսադրող հեռանկարներ ունեցող տարածաշրջան է: Սակայն, շարունակվող հակամարտությունները ընդհանուր առմամբ շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- իր պատասխան նամակում նշել է Ռումինիայի ԱԳ նախարարը:

Տիտուս Կոռլեցիանը տարածաշրջանի հիմնախնդիրներից է համարում նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց սոցիալական վիճակի բարելավման հարցը: «Ցավոք, այս տարածքներում (հակամարտության գոտիներում – խմբ.), այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում, առօրյա կյանքի կարևոր հարցերը դարձել են քաղաքական մոտեցումների գերի: Ռումինիան ձգձգված բոլոր  հակամարտությունների կարգավորման հարցում սկզբունքային դիրքորոշում ունի»,- շեշտել է Կոռլեցիանը:

Նա նաև ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առանձնահատկությունները` պետք է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ նպատակով շատ կարևոր կառույցի մանդատ է ստացել: Սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չպետք է այս հարցում օգնի իր արևելյան հարևաններին, մասնավորապես վստահության ամրապնդման հարցում»,- ամփոփել է Տիտուս Կոռլեցիանը:


© 2009 ARMENPRESS.am