«Հայաստան EXPO 2013»-ին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից

14:34, 7 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող ամենամյա «Հայաստան EXPO 2013» արդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 կազմակերպություններ, ասոցիացիաներ, միություններ և ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստան EXPO 2013»-ին մասնակիցներ կլինեն Հայաստանից, Արցախից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Սիրիայից, Չինաստանից: Մասնակիցների 20 տոկոսը լինելու են օտարերկրա կազմակերպություններ և ընկերություններ:

XIII ապրանքաարդյունաբերական «Հայաստան EXPO 2013»-ի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos EXPO կենտրոնը: Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 13-15-ը «Մերգելյան» ինստիտուտի ցուցադրությունների մասնագիտացված սրահում` «Երևան Էքսպո»-ում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Logos EXPO կենտրոնից, առաջին անգամ «Հայաստան EXPO 2013»-ի շրջանակներում կանցկացվի միջազգային տնտեսական «Կամուրջ» ֆորումը, որը նախկինում ավանդականորեն անցկացվում էր Արցախում և Ծաղկաձորում:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին: 


© 2009 ARMENPRESS.am