Հարութ Սասունյանը ներկայացրել է «մխիթարության կանանց» և ցեղասպանության վերաբերյալ Ճապոնիայի և Թուրքիայի դիրքորոշումները

10:09, 4 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը2007 թվականին «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց, կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով իր Կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Հուլիսի 9-ին սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը վավերացրեց մի հուշակոթող` նվիրված «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, որոնք սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում:

Քաղաքային խորհուրդը, լսելով հակասական վկայություններ տեղական ճապոնական և կորեական համայնքների անդամների կողմից, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում: Հուշարձանի բացման արարողության ժամանակ, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում:

Մտահոգված զուգահեռների անցկացումից` Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև, Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ՝ այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար:

Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի դրական է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից կատարված ոճիրների առնչությամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման վերաբերյալ՝ ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց:

Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից՝ մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից, պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից: 2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց, կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով իր Կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:

Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչպես է տարբերվում Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին, և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը:

Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ՝ «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման հանդեպ Ճապոնիայի արձագանքի տարբերություններին, գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ.

«Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն արտահայտել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չպետք է կրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը գնում է այլ երկրի դիրքորոշման մասին: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն, ի վիճակի չենք մանրամասն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ, մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ, երրորդ կետն այն է, որ անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է. այն ներողություն ու զղջում է հայտնել և ջանքեր է գործադրել աջակցելու նախկին «մխիթարության կանանց»:

Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից:  Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անկեղծությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում:

Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


© 2009 ARMENPRESS.am