Կյանքից հեռացել է Ազատ Գասպարյանը

16:53, 2 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 2-ին ժամը 16:15-ին  կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Անվանի դերասանը ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով մի քանի օր է, գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա դուստրը` Նաիրի Գասպարյանի օգոստոսի 1-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ նա մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ազատ Գասպարյանը պատրաստվում էր օգոստոսի 13-ին նշել ծննդյան 70-ամյակը:

Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև` կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984 թ.-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965թ.-ից Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է, 1980թ-ից` ՀԹԳՄ վարչության անդամ: 2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սեւակի , այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում Գասպարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: 


© 2009 ARMENPRESS.am