Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են. Արմեն Մովսիսյան

13:15, 10 Հուլիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն մտնող գազի գնի սուբսիդավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններն ավարտական փուլում են: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Բանակցություններն ավարտական փուլում են, մի քանի օրից արդյունքների մասին կասենք»,- նշեց նախարարը: Մովսիսյանը չհստակեցրեց` արդյո՞ք սուբսիդավորման միջոցները գրանտային են լինելու: Էներգետիկայի նախարարը նշեց, որ խոսքը գնում է 150 միլիոն դոլարի մասին:

Անդրադառնալով գազի գնի թանկացումն ի սկզբանե թույլ չտալու հարցին` Մովսիսյանը նշեց, որ գազի գինը չփոխելն իրենից կախված չէ: «Դա ուրիշ երկրի արտադրանք է, որը նա իրացնում է իր ընդունած կանոններով ու մեթոդներով»,- ասաց Մովսիսյանը:

Հայաստանում գազի սակագնի բարձրացումն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: «ՀայՌուսգազարդ»-ը հայտ էր ներկայացրել սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի սակագնի 30 տոկոսը: Սուբսիդավորման եղանակները քննարկման առարկա էին ռուսական կողմի հետ: 


© 2009 ARMENPRESS.am