Սիլիկոնյան հովտի հայկական ՏՏ միության 100-ից ավելի կազմակերպություններ ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ

14:56, 21 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հինգ տարի առաջ եղած արդյունքների համեմատ այսօր արձանագրվել է ահռելի մեծ առաջընթաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դրա վառ վկայությունն է նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Ընդ որում, կարող ենք արձանագրել, որ դա առաջընթաց է նաև միջազգային համեմատությունների մեջ, մասնավորապես, ՏՏ հասանելիության, ինչպես նաև նոր գիտելիքների, տաղանադաշատ երիտասարդների կողմից ստեղծված արտադրանքի ծավալների առումով»,- նկատեց վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Սիլիկոնյան հովտում բացվել է ՀՀ ներկայացուցչությունը: Վարչապետի խոսքով՝ Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ մեր երկիրը պարտավոր է օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդի ՏՏ ոլորտի զարգացմանը:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:


© 2009 ARMENPRESS.am