Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը խոսել են Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր ինտեգրման մասին

20:51, 31 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպումը կայացել է Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում: «Մենք քննարկել ենք նաեւ Մաքային միությանը եւ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հայաստանն, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրան մասնակցություն ունենալ: Մեզ համար եւս դա կարեւոր է: Անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձեւաչափ»,-նշել է Մեդվեդեւը:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»: «Այժմ արդեն տեխնիկական մակարդակով պետք է հստակեցնել` ինչպիսի տեմպերով և քայլերով գնալ առաջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի վարչապետն ավելացրել է, որ Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է միությանն ինտեգրվելուն ուղղված հուշագրին առնչվող հարցեր: «Կա փոխըմբռնում, որ անհրաժեշտ է արագ պատրաստել այդ հուշագիրը, այն համաձայնեցնել նախագահների հետ և ստորագրել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նաև Դմիտրի Մեդվեդևին ներկայացրել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ բանակցությունների մանրամասները: «Մենք լիակատար փոխըմբռնում ունենք ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:


© 2009 ARMENPRESS.am