Արցախն ավելացած էլեկտրաէներգիան առաջին հերթին կարտահանի Հայաստան

10:10, 25 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը շուտով կդառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր այդ ուղղությամբ մի շարք կարեւոր ծրագրեր կյանքի կոչելու շնորհիվ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, առաջին հերթին Արցախից էլեկտրաէներգիան մատակարարվելու է Հայաստան, քանի որ հիմնական  ենթակառուցվածքները կապված են Հայաստանի հետ:

«Սկզբում կարտահանվի Հայաստան, այնուհետեւ կդիտարկենք նոր հեռնկարները»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալով Արցախից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի պահանջարկն Արցախում նոր հէկ-երի կառուցմամբ կգերազանցվի 30-40 տոկոսով՝  ցուցանիշն ավելի մեծացնելու հեռանկարով:

Բաբայանի տեղեկացմամբ՝ այս պահին Արցախը էլեկտրաէներգիայի առումով մոտ 85 տոկոսով ինքնաբավ է, իսկ մի քանի տարի առաջ այդ ցուցանիշն ընդամենը 40-50 տոկոս էր: Արցախը էլեկտրաէներգիայի ինքնաբավության խնդիրը լուծում է հիմնականում հէկ-երի կառուցման հաշվին: «Առաջիկայում մի քանի հէկ-եր պետք է կառուցվեն, ինչը կապահովի մեր հանրապետության ամբողջական ինքնաբավությունը Էլեկտրաէներգիայի սպառման առումով»,- ասաց Բաբայանը: Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ վերջին տարիներին 6-7 հէկ է կառուցվել Արցախում:

Արցախի Հանրապետության էներգետիկայի համակարգը կազմված է երկու հիմնական ոլորտներից` գազի և էլեկտրաէներգիայի: Էլեկտրաէներգիան դեռ մնում է էներգիայի հիմնական աղբյուրը Արցախի բնակչության և տնտեսության համար: Արցախը տարեկան սպառում է շուրջ 240 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:


© 2009 ARMENPRESS.am