Դիտավան գյուղն արդեն նորակառույց դպրոց ունի

18:35, 18 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, դպրոցը կառուցվել է Հիմնադրամի` Արգենտինայի տեղական մարմնի բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ:

Բարերար ամուսինների շնորհիվ գյուղն արդեն ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն: Նախատեսվում է, որ բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արմեն եւ Նատիա Էքսերճիյանները, արգենտինահայ հյուրեր:


© 2009 ARMENPRESS.am