«Ազգային անվտանգություն» կուսակցությունը ավագանու ընտրություններում չի սատարի որևէ կուսակցության

13:56, 15 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում  ամենաակտիվը աշխատում է հայաստանի հանրապետական կուսակցության թիմը, իսկ ընդդիմադիր ուժերը դեռ չեն ձևավորել հստակ գործելաոճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ ավագանու ընտրություններին «Ազգային անվտանգություն» կուսակցությունը չի սատարի որևէ կուսակցության։

Իսագուլյանը նկատում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է պահել լիդերի իր դիրքը ավագանու ընտրություններից առաջ։ Սակայն, ըստ նրա, ընդդիմադիր ուժերը կարող են հասնել արդյունքի, եթե կարողանան ներկա իրավիճակում ճիշտ գործել։ «Երևանում ձևավորված 464 ընտրատեղամասերից 182-ում ղեկավարները ընդդիմադիր են, մյուս բոլոր ընտրատեղամասերում կան ընդդիմադիր քարտուղարներ»,- ասաց Իսագուլյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն»-ն ավագանու ընտրությունների պետք է մասնակցեր միասնական ընդդիմադիր ճակատով, սակայն չգլխավորեր ցուցակը։ «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ նա է ընտրված նախագահ, ապա ավագանու ընտրությունների միջոցով ինչ-որ բան ապացուցելու կարիք չպետք է ունենար»,- ասաց Իսագուլյանը։

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները եւ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:


© 2009 ARMENPRESS.am