Ամուսնու ներկայությունը ծնարանում կնոջն ուժ է տալիս, թեեւ հոգեբանները դա չեն խրախուսում

10:14, 8 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ շատ վաղ անցյալում`նախքան տասնյակ հիվանդանոցների եւ կլինիկաների գոյությունը, ամբողջ աշխարհում ծննդաբերությունների մեծ մասը տեղի էր ունենում տանը` մանկաբարձի օգնությամբ: Սովորաբար երեխայի հայրը բուն ծննդաբերության գործընթացին չէր մասնակում: Խորհրդային տարիներին ձեւավորված ավանդույթ էր, երբ նորածնին ծնվելուց հետո  բժիշկները ներկայացնում  էին հոր դատին, այլ կերպ ասած տղամարդը անմասն էր մնում այն ամենից, ինչի միջով անցնում էր կինը երեխային լույս աշխարհ բերելիս:

Վերջին տարիներին այդ թվում նաեւ Հայաստանում` հոր ներկայությունը ծննդաբերությանը հեռու է «էկզոտիկա» համարվելուց, այլ բավականին տարածված երեւույթ է: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում` ի տարբերություն մեր երկրի, այս երեւույթը սկսել է ձեւավորվել շուրջ երկու տասնամյակ առաջ:

 

Ծննդաբերությանը ամուսնու ներկայությունը օրենքով չի կարգավորվում 

 

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծննդաբերությանն ամուսնու մասնակցությունը օրենքով չի կարգավորվում:

«Չնայած նրան, որ երեւույթը օրենքով կարգավորման ենթակա չէ, այն նաեւ չի մերժվում: Դա կարգավորվում է նույնիսկ ոչ թե ենթաօրենսդրական ակտերով, այլ որոշ չափորոշիչներով, որոնք ամուսնուն տալիս են հնարավորություն մասնակցել կնոջ ծննդաբերությանը»,- ասաց Բաբլոյանը: Նրա խոսքով` երեւանյան տարբեր ծննդատներում այս երեւույթն այժմ կիրառելի է:

«Մենք գիտենք, որ յուրաքանչյուր տղամարդ չէ, որ ցանկություն է հայտնում մասնակցելու, բայց միեւնույն ժամանակ եթե ամուսինը ցանկանում է մասնակցել ծննդաբերությանը, ապա պետք է ստեղծել համապատախան պայմաններ»,- նշեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը` ավելացնելով, որ առաջին հերթին պետք է նախապատրատել տղամարդուն, խոսքը ոչ միայն հոգեբանական, այլեւ` արտաքին, հիգիենիկ պատրաստվածության մասին է:

«Հենց այնպես չի կարելի մարդուն թույլ տալ, որ մտնի ծնարան: Անհրաժեշտ է, համապատախան հիգիենիկ պայմաններ ապահովել ծննդաբերող կնոջը եւ ծնվող երեխային չվնասելու համար»,- ավելացրեց բժիշկը:  

 

Ծննդատունը չպետք է գին սահմանի ծննդաբերությանը ամուսնու մասնակցության դիմաց 

 

Արդյոք  պետք է ծննդատունը որոշակի գին սահմանի ամուսինու` ծննդաբերությանն ականատես լինելու համար, Բաբլոյանը նշեց, որ ծննդաբերությանը մասնակցության համար ծննդատան կողմից գին սահմանելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այս հարցը կապված չէ առանձնահատուկ ծախսերի հետ:

«Որպեսզի ամուսինը մասնակցի ծննդաբերությանը` ծննդատունը չնչին ծախսեր է իրականացնում, չեմ կարծում, որ արդարացված է մասնակցության համար հատուկ գին սահմանելը»,- ընդգծեց բժիշկը` հավելելով, որ դա մի երեւույթ է, որը գնալով ավելի ամրապնդվում է մեզանում, եւ որի հիմնական նպատակն է կնոջը ծննդաբերության ընթաքում քաջալերելը: Բաբլոյանի գնահատմամբ` մենք պետք է շնորհակալ լինենք ծննդաբերությանը մասնակցող ամուսնուն, ով գնում է այդ քայլին` ունենալով հոգեբանական դժվարություններ, բայց ցանկանում է օգնել իր կնոջը, ինչպես նաեւ բուժաշխատողներին, որպեսզի ծննդաբերության բարեհաջող ավարտն ապահովվի:

 

Ամուսնու ներկայությունը ծննդաբերությանը կնոջը ուժ է տալիս

 

Ընդամենը մի քանի ամիս առաջ առաջին անգամ մայր դարձած Լիլիթ Համբարձումյանի համար ամուսնու մասնակցությունը ծննդաբերությանը քննարկման ենթակա հարց չէր: Նրանք դեռ տարիներ առաջ որոշում էին կայացրել, որ իրենց երեխային «դիմավորելու» գործընթացին հայրն անպայմանորեն մասնակցելու է: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նրա պահանջին դրական պատասխան են տվել միայն այն բանից հետո, երբ ապագա մայրիկը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարությունից, որ երեւույթի առջեւ օրենքն արգելք չի դնում, թեեւ այն նաեւ խրախուսելի չէ:

«Երբ ամուսինս ներկա էր ծննդաբերությանը, դա առաջին հերթին կարծես կիսում էր պատասխանատվությունը: Զգում ես, որ միայնակ չես եւ ամենակարեւորը, որ միասին պետք է տեսնեք երեխային` սպասելով հրաշքի»,- պատմեց Համբարձումյանը` շեշտելով, որ ամուսնու ներկայությունը ծննդաբերության ընթացքում կնոջը ուժ է տալիս:

Առաջնեկի ծնունդը վայելող մայրիկը հիշում է, որ ամուսինը բավականին զգոն եղավ եւ հաղթահարեց հուզմունքը:

«Նրա ներկայությունը ինձ շատ օգնեց: Իրականում այդ պահին կարեւոր չէ, թե դու ինչ տեսք ունես. երկուսդ էլ մտածում եք երեխայի, նրա բարեհաջող լույս աշխարհ գալու մասին»,- նշեց Համբարձումյանը` ավելացնելով, որ իրենց որոշումից երկուսն էլ գոհ են, քանի որ այդ քայլից փոխըմբռնումն ու սերն ընտանիքում միայն ավելանում է:

«Դեռ ընկերներ լինելու տարիներին մտածում էինք, արդյոք Հայաստանում եւս թույլատրելի կլինի ամուսնու ներկայությունը, եւ մենք իսկապես շատ ուրախ ենք, որ մեր ցանկությունն իրականացավ»,- ավելացրեց նա:

Մայրաքաղաքի ծննդատներում կատարված հարցման միջոցով մենք տեղեկացանք, որ   ծննդաբերությանն ամուսնու մասնակցությունը կամ բացառված է կամ ոչ խրախուսելի:

 

Ծննդաբերությանը մասնակցելը տղամարդու կողմից պետք է կշռադատված քայլ լինի

 

ԵՊՀ «Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության» գիտահետազոտական  լաբորատորիայի հոգեբան Դիանա Սարգսյանի կարծիքով` ծննդաբերությանն ականատես լինելը տղամարդու վրա կարող է եւ դրական, եւ բացասական հետեւանքներ թողնել:

«Ծննդաբերությունը մի գործընթաց է, որին առաջին հերթին պետք է ներկա գտնվեն մասնագետներ, հաճախ դա կարող է ծանր ապրումների, սթրեսի պատճառ հանդիսանալ  տղամարդու համար»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքով` մասնագիտական առումով ծննդաբերությանը բացի բուժանձնակազմից այլ անձանց, տվյալ դեպքում ծնվող երեխայի հոր ներկայությունը խրախուսելի չէ առաջին հերթին հիգիենայի տեսակետից:

«Պետք չէ մտածել, որ եթե տղամարդը նախկինում չի մասնակցել ծննդաբերության գորընթացին, ապա նա ապրումներ չի ունեցել: Եթե տղամարդը չի դիտում բուն ծննդաբերության գործընթացը, այլ զուտ ծնարանում աջակցում է հոգեբանորեն, ապա այդ նույն էներգետիկ աջակցությունը նա կարող է տալ նաեւ դռնից այն կողմ»,- ասաց հոգեբանը: Նա նշեց, որ հաճախ հայ կանանց համար ամուսնու ներկայությունը ծննդաբերությանն անընդունելի է նաեւ բարդույթավորվածությունից ելնելով, քանի որ ոմանց ընկալման մեջ արական սեռի գինեկելոգ ունենալն էլ ամոթալի է:

Սարգսյանի գնահատմամբ` կինն իր էությամբ բնությունից հոգեբանորեն պատրաստ է մայրությանը, եւ առաջին հերթին երեխայակենտրոն մտածելկերպը հնարավորություն կտա իրեն ձերբազատվել ավելորդ վախերից եւ տագնապներից:

Հոգեբանը շեշտեց, որ կնոջ մոտ ծննդաբերության ընթացքի հետ կապված գերանհանգստություն առաջանում է երկու դեպքում: Առաջին դեպքում, երբ հղիությունը պլանավորված չէ, եւ երկրորդը` երբ երեխան շատ սպասված է:

«Երեխա ունենալու հարցին պետք է մոտենալ ծնողական գիտակցմամբ` հասկանալով, որ յուրաքանչյուր քայլ անմիջականորեն կապված է երեխայի կյանքի որակի հետ»,- ավելացրեց հոգեբանը` նշելով, որ շատ երկրներում քայլեր են իրականացվում ոչ թե ծնողներին, այլ հենց նորածիններին սթրեսից ազատելու ուղղությամբ: Դրանց թվում է ջրային ծննդաբերությունը, երբ նորածնին ջրային միջավայրից տեղափոխում են ջրային միջավայր, այլ ոչ թե «ցամաք»:

Մասնագետները գտնում են, որ անհրաժեշտ է, որ այս քայլին գնալը ամուսնական զույգի կողմից լինի մտածված նաեւ ցավին եւ դիմացինի տանջանքներին ադեկվատ ռեակցիա տալու տեսանկյունից:

Հոգեբանական մեկ ալ հետաքրքիր կողմ է նաեւ այն, որ ապագա հայրիկը քաջ պատկերացում ունենա այն մասին, թե ինչ տեսք են ունենում նորածինները:

Հաճախ լույս աշխարհ եկած փոքրիկը շատ հեռու է «իդեալական» լինելուց: Կարեւոր է, որ հայրը տեղեկացված լինի, որ նորածինները մարմնի փոքր քաշով, մաշկի կարմրավուն երանգով, երբեմն այտուցված աչքերով, դեռ ժպտալ չկարողացող նուրբ էակներ են, եւ դա նրանց մոտ ավելորդ անհանգստություն պետք է չառաջացնի:

 

«Ամենակարող» skype-ը ապահովեց ամուսնու ներկայությունը ծննդաբերությանը

 

Տղամարդկանց ծննդաբերությանը մասնակցելու միտումը չշրջանցեց նաեւ համացանցը:  2012 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության օրը` Աֆղանստանում պայմանագրային զինծառայող Թեդ Ֆրիզը, ով չէր կարողացել ներկա գտնվել կնոջ ծննդաբերությանը, համացանցի միջոցով է հետեւել Մինեսոտա նահանգում  իր որդու լույս աշխարհ գալու գործընթացին: «Ամենակարող» skype-ի միջոցով կնոջ ծննդաբերությանը հետեւելն ուներ իր տրամաբանական պատճառը. ինչպես պարզվել է` տղամարդը երազում էր կնոջ կողքին լինել այդ կարեւորագույն պահին, սակայն լարված զինվորական ծառայությունը խանգարել է նրան իրականացնել երազանքը: Նրա կինը` Լիզին բժշկական անձնակազմին ասել է, որ ցանակում է` իր ամուսինը հետեւի ողջ ծննդաբերության ընթացքն ուղիղ կապով: Բժիշկները ընդառաջել են կնոջը եւ ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ նրա մոտ համակարգիչ են տեղադրել: Skype-ի շնորհիվ ամուսինները միասին են եղել ծննդաբերության առաջին վայրկյանից սկսած:

«Դու երկունքի ցավերով պիտի երեխա ունենաս, եւ քո ամուսինը պետք է քեզ տիրի». Աստծո կողմից Եվային ուղղված տողերից իմաստից երկունքի ցավերից խուսափել խորամանկ եւ հնարագետ կնոջը մարդկության զարգացման ողջ ընթացքում դեռ չի հաջողվել: Նա քաջ գիտակցում է, որ ցավը նոր մարդուն կյանք տալու համար պարտադիր պայման է: 

 Եթե կինը վստահեցնում է, որ տղամարդու ներկայությունը կարող է փոքր-ինչ մեղմացնել ծննդաբերական ցավերը, ապա նրան խոչնդոտնելն առանց հիմնավոր պատճառի այս դեպքում Հիպոկրատի խոստումը խախտելուն համահավարար մի բան է: 

 

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am