«Հետահայաց». Մայր թատրոնի հին ու նոր մարտահրավերները

10:56, 11 Մարտ, 2013

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, մշակութային կենտրոնի առաջարկած խաղացանկին, դերասաններին եւ ընդհանրապես այն տեղին, որում այսօր գտնվում է այն: Թեմային անդրադառնալու օրը պատահական չի ընտրված: 1973 թվականին այս օրը «Արմենպրես»-ն ուրախությամբ արձանագրել է` «Համամիութենական մրցանակի են արժանացել սունդուկյանցիները»:

Մրցանակը պարտավորեցնող է, թատրոնը կբավարարի աշխատավորների գեղագիտական աճող պահանջները. Վարդան Աճեմյան

1973 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաղթող է ճանաչվել թատերական կոլեկտիվների համամիութենական սոցիալիստական մրցության մեջ եւ արժանացել ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության երկրորդ կարգի մրցանակի եւ դրամական պարգեւի: Այդ ժամանակ թատրոնի դիրեկտոր եւ գեղարվեստական ղեկավար, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ այդ պարգեւը որքան պատվավոր է, նույնքան էլ պարտավորեցնող: «Մեր ողջ կոլեկտիվն ամեն ինչ կանի աշխատավորների գեղագիտական աճող պահանջները բավարարելու, բարձրարժեք ներկայացումներ ստեղծելու համար»,- հավաստիացրել էր Վարդան Աճեմյանը: Հավաստիացրել էր եւ արել. այդ տարվա ընթացքում հանդիսատեսին թատրոնը խոստացել էր ներկայացնել չորս բարձրարժեք նոր ներկայացում, որոնցից առաջինը` Շիլլերի «Ավազակներ»-ն էր: Այնուամենայնիվ, ինչպես ասում են, դրանից հետո շատ ջրեր են հոսել, ժամանակներ են անցել: Իսկ ինչ է պատրաստ արդեն այսօր ներկայացնել թատրոնը…

Սունդուկյանի անվան թատրոնն այսօր հերթական շնչառության կարիք չունի.Տիգրան Գասպարյան

Թատրոնի գլխավոր ռեժիսորը Տիգրան Գասպարյանն է: 1983 թվականից որպես բեմադրող-ռեժիսոր աշխատանքի է ընդունվել թատրոնում, իսկ ահա արդեն 2012 թ-ի հունվարի 9-ից նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ: Թատրոնի ներկայիս գործունեության եւ ապագայի անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց հենց նրա հետ: Այն հարցին, թե որքանով է այսօր թատրոնին հաջողվում արժանիորեն կրել իր անունը եւ իրականացնել հիմնական առաքելությանը, Տիգրան Գասպարյանը պատասխանում է. «Եթե այսօր նայեք թատրոնի խաղացանկը` անկախ նրանից թատերագետ ես, դերասան թե հասարակ հանդիսատես, խաղացանկում ներառված այնպիսի անուններ կարող ես գտնել, որ ուզած թատրոնին պատիվ կբերեն: Ներառված են ինչպես համաշխարհային դասական գրական գործեր, այնպես էլ հայ դասականներ, ամեն ինչ է ներառված»,- ասաց Տիգրան Գասպարյանը: Խաղացանկը խաղացանկ, դերասանների ընտրության հետ էլ կարծես թե խնդիրներ չկան. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, թող անհամեստ իհարկե չհնչի, այնուամենայնիվ, իմ խորին համոզմունքն է, որ այս թատրոնը Հայաստանում ունի ամենաուժեղ դերասանական կազմը, որն անառարկելի փաստ է»,- ասաց թատրոնի գլխավոր ռեժիսորը` հավելելով, որ ամենեւին չի ցանկանում նսեմացնել կամ թերագնահատել մյուս թատրոնների դերասաններին:

Որպես ասվածի վկայություն` Տիգրան Գասպարյանը բերում է այն փաստը, որ թատրոնը Շեքսպիրի հայրենիքում` Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում, մեծ հաջողությամբ է ելույթ ունեցել եւ հիացրել շատերին: Անգամ «Գլոբուս»-ի գեղարվեստական ղեկավարն ասել է, որ հայաստանյան թատրոնի ելույթը դաս էր իրենց համար:

Առաջիկայի պլանների շարքում մտնում է նոր փառատոններին մասնակցելը, քանի որ «թատրոնն առանց հյուրախաղերի թատրոն չէ»: Ռեժիսորի կարծիքով` թատրոնը հերթական շնչառության կարիք չունի, քանի որ այն աշխատում է բնականոն հունով եւ ուժասպառ չի: «Մեկ տարում երկու գործ միայն ես եմ բեմադրել` չհաշված հոբելյանական ներկայացումը: Շատուշատ անելիքներ կան ապագայի պլանների մեջ»,- ասաց նա: Եվ իրոք որ, կարծես թե ամեն ինչ հանգիստ է, նորմալ, ինչպես եւ պետք է լիներ, այնուամենայնիվ, չի դադարում տեղին եւ անտեղի հոլովվել թատրոնի անունը, անդադար քննադատություններ հնչել կատարվող բեմադրությունների շուրջ: Տիգրան Գասպարյանի կարծիքով` պատճառն այն է, որ այս կյանքում ոչինչ միանշանակ դրականորեն չի ընդունվում, տարակարծություններ միշտ լինում են, որը նորմալ երեւույթ է: «Ես ոչ այնքան բարյացակամությունն էլ եմ նորմալ երեւույթ համարում, քանի որ գործ ունես մարդկանց հետ: Չի լինում երբեք, որ բոլորը միաժամանակ ասեն ուռա: Քննադատել են բոլորին` Աճեմյանից սկսած, եւ շարունակում են քննադատել»,- ասաց նա: Ինչպես ամբողջ աշխարհում, Սունդուկյանի անվան թատրոնի երազանքը եւս շատ հանդիսատես ունենալն է: «Այսօր շատ բարդ է տոմս վաճառելը, մի բան է լավ ներկայացում բեմադրելը, այլ բան` այդ ներկայացման տոմս վաճառելը: Ուղղակի կցանկանայի, որ հանդիսատեսը ոչ միայն թատրոն, այլեւ ընդհանրապես արվեստ ավելի շատ սիրեր»,- ընդգծեց նա: Բացի այդ, որոշակի խնդիրներ կան նաեւ կապված օրենսդրական դաշտի մատչելիության հետ: «Օրենքներ կան, որոնք եթե կարող են կիրառելի լինել ուրիշ ոլորտներում, թատրոնի համար անհամատեղելի են: Որոշ բաներ պետք է վերանայվեն»,- ասաց նա:

Հանդիսատեսը ոչ միայն պետք է գա եւ նստի թատրոնում, այլեւ ամենակարեւոր հրաշքը պետք է կատարվի` մասնակցություն ներկայացմանը. Կարինե Խոդիկյան

Սունդուկյանի անվան թատրոնը հատուկ առաքելություն է ունեցել եւ այսօր էլ իներցիայով հասարակական պահանջ կա, որ այն լինի կենտրոնական դեմք թատերական աշխարհում: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց դրամատուրգ, թատերագետ Կարինե Խոդիկյանը: Նրա կարծիքով` պատահական չէ, որ բացի ազգային բնորոշումից, հաճախ դիմում են Մայր թատրոն բնորոշմամբ, որն արդեն իսկ վերաբերմունք է` սկսած հանդիսատեսից մինչեւ թատերագետ եւ թատրոնի մարդ: «Թատրոնը տոնում է իննսունամյակը եւ այդ տարիների ընթացքում եղել են հաջողություններ, բացթողումներ, աստեղային ժամեր, ձախողումներ, պարապուրդի պահեր, որոնք արդեն պատմության պահոցում են»,- հիշեց նա` հավելելով, որ այսօր հանդիսատեսն ընդհանրապես թատրոն է գնում միմիայն այն դեպքում, երբ տեսնում է իրեն մոտիկ եւ հոգեհարազատ բեմում ծավալվող գործողություններ: «Երբ կան հարցեր, որոնց պատասխանները ինքը կցանկանար լսեր, կան երբ պատասխաններ կան, որոնց հարցերն ինքն ունի: Այսինքն, թատրոնն այն կենդանի, բաբախող օրգանիզմն է, որտեղ հանդիսատեսը ոչ միայն պետք է գա եւ նստի, այլ ամենակարեւոր հրաշքը կատարվի` մասնակցությունը ներկայացմանը: Որքանով է դա Սունդուկյանի թատրոնն այժմ իրականացնում, դժվարանում եմ պատասխանել, քանի որ կան այնտեղ եւ հաջողված ներկայացումներ, կան եւ նրանք, որոնք հանդիսատեսի բուռն հավանության չեն արժանանում, դա բնական է»,- նշեց Կարինե Խոդիկյանը:

Դրամատուրգը 90-ամյա թատրոնին մաղթեց, որ 90 թիվն ավելի ժամանակակից դառնալու խնդիր դնի իր առաջ, որ մայր թատրոն ասելով հասկանանք այն թատրոնը, երբ որդին գալիս է եւ տեսնում է իրեն, իր հոգսերը, հարցադրումները կամ «եթե նույնիսկ պատասխանը չի ստանում, մտորելով դուրս է գալիս»: Թատրոնում Կարինե Խոդիկյանի մի պիեսն է խաղացանկում` «Կինը անձրեւից հետո», որի առաջնախաղը տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսի 13-ին: Այն 11 տարի է ինչ թատրոնի խաղացվում է: «Ցանկացած դրամատուրգի ցանկությունն է` անթաքույց թե թաքուցյալ, Սունդուկյանի թատրոնում ներկայացված լինելը»,- անկեղծացավ դրամատուրգը:

Դերասանները չցանկացան խոսել Սունդուկյանի անվան թատրոնի ներկայիս իրավիճակի մասին

«Արմենպրես»-ը ցանկացավ իմանալ, ինչպես նաեւ իր ընթերցողներին ներկայացնել հայ դերասանների կարծիքը  թատրոնի ներկայիս իրավիճակի մասին: Ուշագրավ է, որ մեզ հետ զրուցած դերասանները խուսափեցին այդ թեմայով որեւէ բան ասել:Դերասան Կարեն Ջանիբեկյանը նշեց, որ երբ համեմատում է ընդհանուր դաշտը եւ Սունդուկյանի թատրոնը, իրավիճակը հօգուտ վերջինս է. «Եթե վերցնում ես ընդհանուր շուկան, գոհ եմ Սունդուկյանի այսօրվա վիճակից»,- ընդգծեց նա:

Այնուամենայնիվ, նա էլ որոշակի խնդիրներ տեսավ. «Գուրգեն Ջանիբեկյան չկա, Ֆրունզ չկա, Խորեն չկա: Այն ժամանակաշրջանի եւ այսօրվա Սունդուկյանի թատրոնի միջեւ սարերի եւ ձորերի տարբերություն կա, դերասանական, ռեժիսորական հսկայական տարբերություն: Ներկայիս խաղացանկը եւս չի բավարարում, որովհետեւ հիմնականում արտասահմանայան պիեսներ են բեմադրվում, որոնք ոչ մի կապ չունեն հայ մտածողության, մենթալիտետի հետ: Բեմադրում են այն պիեսները, որոնք ռեժիսորին են դուր եկել, դերասանն էլ խաղում է այնպես, ինչպես ռեժիսորն է պահանջում, դրանով եւ ավարտվում է ամբողջը: Հանդիսատեսը գալիս է եւ կեսից գնում»,- ասաց նա:

 

Ահա այսպիսին է թատրոնի խաղացանկն այսօր

Եվ իսկապես, թատրոնի գործունեության առնչությամբ կարծիքները շատ տարբեր են, բազմապիսի: Ոմանք գոհ են ներկայիս գործունեությունից, ոմանք էլ շարունակում են դժգոհել եւ իրենց ասվածի հավաստիությունը ցույց տալու համար բերել բազմապիսի փաստարկումներ: Իսկ ահա վերջում ներկայացնում ենք թատրոնի խաղացանկում ներառված ներկայացումներից մի քանիսի վերնագրերը` առանց մեկնաբանության:

Խորեն Արամունի «Անվերադարձ ապագա», բեմադրությունը` Ժան Նշանյանի

Պերճ Զեյթունցյան «Արշակ թագավոր», բեմադրությունը` Վահե Շահվերդյանի

Անտոնիո Բուերո Վալիեխո «Գոյա», բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի

Պերճ Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս», բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի

Գիլերմի Ֆիգերեյդո «Եզոպոս», բեմադրությունը` Արմեն Մեհրաբյանի

Ռուբեն Մարուխյանի «Եղեգնուհի», բեմադրությունը` Գոհար Հարությունյանի

Ալվարդ Պետրոսյան «Ես մի ծառ եմ ծիրանի», բեմադրությունը` Վահե Շահվերդյանի

Մ. Մեյո, Մ. Էնեկեն «երջանիկ ավարտ», բեմադրությունը` Սամսոն Ստեփանյանի

Շիրվանզադե «Պատվի համար», բեմադրությունը` Վահե Շահվերդյանի

Նելլի Շահնազարյան «Իմ ծաղկած դեղձենի», բեմադրությունը` Վահե Շահվերդյանի

Թեննեսի Ուիլյամս «Տրամվայ. Ցանկություն», բեմադրությունը` Սուրեն Շահվերդյանի

Հրանտ Մաթեւոսյան «Ծառերը», բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի

Կարինե Խոդիկյան «Կինը անձրեւից հետո», բեմդրությունը` Աիդա Հովհաննիսյանի

Պերճ Զեյթունցյան «Հարյուր տարի անց», բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի

Բերթոլդ Բրեխտ «Կովկասի կավճե շրջան», բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի

Լեւոն Շանթ «Հին Աստվածներ», բեմադրությունը` Վահե Շահվերդյանի

Լուկաս Բերֆուս «Մեր ծնողների նեւրոզները», բեմադրությունը` Սուրեն Շահվերդյանի

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը


© 2009 ARMENPRESS.am