«Հետահայաց». Գրական կեղծանունները գուցե եւ հետաքրքրական են, այնուամենայնիվ, տաղանդի հետ որեւէ առնչություն չունեն

10:46, 4 Մարտ, 2013

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Հայ գրողների ընտրած կեղծանուններին, ընդհանրապես կեղծանուն ընտրելու առանձնահատկություններին: Թեմային անդրադառնալու օրը պատահական չի ընտրված: 1973 թվականին այս օրերին սովետական մամուլը միաբերան գրեց. «Սովետահայ գրականությունը ծանր կորուստ կրեց, կյանքից հեռացավ անվանի բանաստեղծ Աշոտ Գրաշին»:

Աշոտ Գրաշի կամ Աշոտ Բաղդասարի Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուցե երիտասարդներն արդեն չեն հիշում կամ ընթերցում սովետահայ անվանի գրող Աշոտ Գրաշու ստեղծագործությունները, այնուամենայնիվ, ավագ սերունդը նրան վստահաբար հիշում է: Աշոտ Բաղդասարի Գրիգորյանն իր ստեղծագործությունների համար ընտրել էր հետաքրքիր գրական կեղծանուն` Աշոտ Գրաշի, իսկ թե ինչն է ստիպել նրան նման ընտրություն կատարել, հիմա դժվար է ասել: Հստակ է մի բան` Գրաշի գրական անունը կազմված է բանաստեղծի ազգանվան եւ անվան սկզբնատառերի զուգակցումից: Ժամանակակից անվանի գրող Դավիթ Հովհաննեսը, ում գրական անվան ծագմանը, դեռեւս կանդրադառնանք, անձնապես շփվել է Գրաշու հետ, սակայն վերջինիս գրական անվան ծագման հետ կապված որեւէ խոսակցություն չի հիշում: «Նրան այնքան էր կպել իր այդ գրական անունը, որ ես չեմ էլ մտածել երբեք նրան այդ մասին հարցնելու մասին»,- ասաց Դավիթ Հովհաննեսը:

Գրական անունը որակյալ գրականությանը, գրողի ստեղծագործությանը որեւէ նպաստ կամ հավելում չի բերում. Լեւոն Անանյան

Գրական կեղծանուն ընտրելու հիմքում սուբյեկտիվ տարր է ընկած, դիպվածաբար է լինում եւ դժվար է ընդհանրական կերպով որոշել, թե կեղծանունը գրողի համար անհրաժեշտություն է, պահանջ, թե ոչ կարեւոր էլեմենտ: Մեզ հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ հաճախ կեղծանուն ունենալու ցանկության հիմքում ընկած է լինում անբարեհունչ կան ոչ հայահունչ տոհմիկ ազգանունը, կամ վերջիններիս այն պոետիկ չի թվում եւ նրանք որոշում են փոփոխություն մտցնել:

Լեւոն Անանյանը հիշում է` միջնադարում գրական անունները հիմնականում կապվում էին այն տեղանունների կամ վանքերի անունների հետ, որտեղ ապրում էին գրողները (Օրինակ` Նարեկացու անունը կապվում է Նարեկա վանքի հետ,կամ Մխիթար Գոշինը` Գոշավանքի հետ, Այգեկցունը` Այգեկ գավառի հետ եւ այլն): Գրական կեղծանունն այդ պարագայում ցույց էր տալիս, թե որ գավառը կամ երկրի որ հատվածն է ներկայացնում գրողը: Թեեւ քիչ չեն եղել նաեւ դեպքեր, երբ ծածկանունը գրողի համար օգտագործվել է բառի բուն իմաստով, այսինքն դարձել է յուրատեսակ քող,որպեսզի նա չհալածվի: ՀԳՄ նախագահը դժվարանում է ասել, թե կեղծանունն օգնում է գրողին առավել հեշտ հիշվել, թե ոչ, այնուամենայնիվ, հաճախ պոետականացված անունն օգնում է շուտ տպավորվելուն: Սակայն պետք է մի բան հստակորեն ամրագրել. «Գրական անունը որակյալ գրականությանը, բուն գրողի ստեղծագործությանը որեւէ նպաստ կամ հավելում չի բերում»,-ընդգծեց նա: Այնուամենայնիվ, Լեւոն Անանյանի կարծիքով, գրական կեղծանուն ունենալու միտումը քիչ-քիչ մարում է եւ չի կարեւորվում: Պատճառն այն է, որ այժմ գրողները հասանելի են ընթերցողներին տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք ներկայանում են իրենց քաղաքացիական անուններով, եւ արդեն իմաստ չեն գտնում ստեղծագործությունները ներկայացնելիս նոր անուն ընտրել: Սակայն այդ հարցում եւս օրինաչափություն չկա, քմահաճ է: ՀԳՄ նախագահը նաեւ նշեց, որ հաճախ շատ տաղանդաշատ գրողներ այլ գրողի համար են կեղծանուն ընտրել:

Գրողն է իր կեղծանունը ներկայանալի դարձնում. Դավիթ Հովհաննես

Ժամանակակից անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Դավիթ Հովհաննիսյանին ընթերցասեր հանրությունն ու գրական միջավայրը ճանաչում է որպես Դավիթ Հովհաննես: Անվան երկրորդ բաղադրիչ մասի հիմքում ազգանունն է ընկած: Մեզ հետ զրույցում Դավիթ Հովհաննեսը պատմեց, որ երբ ինքը գրական ասպարեզ էր մտնում, հայ գրականության մեջ կային երկու հայտնի Հովհաննիսյաններ` Հովհաննես Հովհաննիսյանը եւ իր հայրը` Հրաչյա Հովհաննիսյանը, եւ ինքը չի ցանկցաել կրկնվել: «Թեեւ գրական անվանս մեջ մի մեծ գյուտ չեմ տեսնում, այնուամենայնիվ, շատերը ներքին խանդով գտել են, որ առանձնահատուկ անուն է եւ շատ լավ է հնչում»,-ասաց նա: Այնուամենայնիվ, Դավիթ Հովհաննեսը վստահ է` գրողն է իր կեղծանունը ներկայանալի դարձնում: Կեղծանունը կարող է լինել անբացատրելի կամ երկրորդական, գրողն է իր հանճարով անունը հնչեղ եւ հայտնի դարձնում: «Հաճախ այն բանաստեղծները, ովքեր հատուկ անուն են սարքում կամ ընտրում, մեծ մասամբ աննշան են լինում»,-շեշտեց նա` հավելելով, որ Փոթորկունի, Կայծունի, Մասիս կամ Արարատ սուրբ անունները իրենց որպես կեղծանուն ընտրելով` նրանք կարող են լինել ապաշնորհ, կամ հակառակը` թեեւ միանշանակ ոչինչ չի կարելի ասել: Դավիթ Հովհաննեսն իր բոլոր գրվածքների տակ միեւնույն ձեւով է ստորագրել եւ դրա համար ոչ միայն չի փոշմանում, այլեւ ուրիշ կերպ արդեն չի պատկերացնում: Այնուամենայնիվ, դրա ազդեցությամբ` քաղաքացիական ազգանունը փոխելու մասին էլ չի մտածել. «Դրա անհրաժեշտությունը չեմ զգացել: Ինձ երբեք չի խանգարել պաշտոնական փաստաթղթերի տակ գրել Հովհաննիսյան»,- հավելեց նա:

Գրողը կեղծանվան մեջ անպայմանորեն սիմվոլիկ էլեմնետներ է դնում. հոգեբան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը հարցը հետաքրքիր է համարում, քանի որ առաջին հայացքից անկարեւոր թվացող անվան ֆենոմենը հոգեբանության մեջ շատ է կարեւորվում: «Անունն ինքնության բաղադրամաս է եւ պատահական չէ, որ երբ երեխան ծնվում է, առաջին հերթին անուն են որոշում նրա համար: Դրանով երեխայի ինքնությունը սկսում է տարբերվել մյուսներից»,- ասաց նա: Հոգեբանի կարծիքով` երբ գրողն իր համար որոնում եւ գտնում է գրական անուն, անպայման սիմվոլիկ էլեմնետներ է դնում դրա մեջ, փորձում ներկայացնել իր անձի յուրահատուկ եւ բնորոշ կողմերը: «Գրողի կեղծանունն այն քիչ դեպքերից է, երբ մարդն ինքն է իր համար անուն ընտրում: Իմանալով կեղծանունը, առանց ծանոթ լինելու գործերին, ինչ-որ չափով դու կարող ես արդեն գաղափար կազմել նրա մասին: Եթե դիպուկ է գտնված անունը, մարդուն ընկալելու ֆոն է առաջացնում:Մարդն արդեն որոշակի դիրքորոշմամբ է մոտենում գրողին, այլ հարց է, թե դա իրականության հետ համընկնում է, թե ոչ»,- ընդգծեց նա: Այն հարցին, թե կեղծանունը պատահականորեն է ընտրվում, թե հիմնավորված է` Կարինե Նալչաջյանը վստահորեն պատասխանեց. «Գրողի համար միշտ հիմնավորված է, այլ խնդիր է, որ հասարակության համար կարող է հիմնավորված չլինել: Օրինակ, եթե ես գրող եմ եւ իմ կեղծանունը որոշում եմ դնել «Բարի», ամենեւին չի նշանակում, որ ես բարի եմ: Ուղղակի մարդիկ են սկսում մտածել, որ այդպիսինն եմ. Դա կարող է դիմակ եւ կաղապար լինել»,- ասաց նա:

Գրականագետը հայ մեծերի կեղծանունների ստուգանաբության հետաքրքրական մանրամասներ է նշում

 Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով`գրական կեղծանունը ոչ անհրաժեշտություն է, ոչ էլ պահանջ` իրավիճակն է թելադրում: Նրա խոսքով` հայկական ազգանունների մեջ շատ են թուրք-պարսկական արմատները եւ դրանից պետք է մաքրվել. օտար լեզվի նստվածքից անհրաժեշտ է ազգանունները մաքրել: Իսկ մաքրելու ձեւերից մեկը թարգմանելն է հայերեն: Օրինակ` Առաջին Հանրապետության վարչապետերից մեկի` Հովհաննես Քաջազնունու իսկական ազգանունը եղել է Իգիթխանյան եւ նա թարգմանել է` իգիթը-քաջ, խանն էլ ազն: «Այս մոտեցումը պետք է առաջիկայում ուղեկից լինի»,- կարեւորեց Դավիթ Գասպարյանը: Հայ հանճարներից, մեծագույն գրողներից շատերը ունեցել են գրական կեղծանուններ, որոնք էլ իրենց հերթին ունեցել են մի քանի ացատրություններ: «Նման դեպքերում կարեւոր է, որ հեղինակը վկայություն տա, բացատրի իր ընտրությունը, որոշումը, իսկ եթե չկա դա, մնում է հուշագիրների խոսքը, ենթադրությունը»,- ասաց նա: Դավիթ Գասպարյանը մանրամասնորեն ներկայացրեց մի շարք հայ մեծերի գրական անունների ստուգաբանությունը: Այդ տվյալներն ներկայացված են նաեւ դպրոցական դասագրքերում: Հակոբ Մելիք-Հակոբյանն ընտրել է Րաֆֆի գրական կեղծանունը: Կենսագիրներից մեկի կարծիքով` Րաֆֆի` ավելի ճիշտ րաֆ, արաբերենից պարսկերեն անցած բառ է, եւ մեկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրվում են պարսից բարձրաստիճան անձանց` պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար: Կա նաեւ տեսակետ, որ Րաֆֆի բառը ասորական ծագում ունի ` րաբի կամ րաբունի ձեւով անցել է եբրայերենին եւ նշանակում է վարդապետ: Վիպասանի եղբոր որդին` Սողոմոն Տեր-Հակոբյանը, գրում է, որ անհավանական չէ Րաֆֆի անվան ծագումը րաբբի բառից` նկատի ուեննալով, որ Րաֆֆին կոչված էր հայ կյանքի մեջ նոր գաղափարների վարդապետը կամ քարոզիչը դառնալ: Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, ուղղակի նա թարգմանել է զըմպան եւ ազգանունը դարձել է Դուրյան: Մուրացանի իսկական անունը եղել է Գրիգոր Տեր-Հովհաննիսյան: Նա իր գրական անունն ընտրել է մի նախարարական տոհմի անվանումից, որի մասին խոսվում է Խորենացու «Հայոց պատմություն»-ում: Կա նաեւ մի այլ տարբերակ` ըստ որի Մուրացան անվանումը հեղինակն օգտագործել է մուր ցանել, մրոտել իմաստով: Ակսել Բակունցը ծնվել էր որպես Ալեքսանդր Թեւոսյան: Գրական անվան Բակունց բաղադրիչն առաջացել է տոհմական բագի, բեկունց անունից, որի հիմքը պապի Բեգլար անունն է եղել: Իսկ Ակսելը նորվեգացի դրամատուրգ Բյորնսոնի գործերից մեկի` «Նորապսակներ»-ի հերոսներից մեկի անունն է, որի դերը կատարում է պատանի Ալեքսանդրը: Դրանից հետո անունն այնքան է կպչում իրեն, որ Ալեքսանդրը մոռացվում է: Բազմաթիվ են անվան ստուգաբանության փորձերը Չարենցի պարագայում: Մի դեպքում բացատրության հիմքում չարն է, մոյւս դեպքում` Պուշկինի «Անչար» բանաստեղծության հնչյունական տեղաշարժերի արդյունք, Կարս ժամանած բժշկի անուն եւ այլն, եւ այլն: Սակայն կա եւս մի այլ տարբերակ: Չարենցը Գրական համալսարանում դասավանդել է, եւ նրա սաներից մեկի գրառումների համաձայն` ուսանողների հարցին ի պատասխան Չարենցը նշել է, որ ստեղծագործող մարդը մտնելով աշխարհ` կոչված է աշխարհը փոխել, աշխարհին նայում է նոր հայացքով, եւ նրանք մերժվում են հանրության կողմից, չար են կոչվում: Չարենց անվան ստուգաբանությունը ելնում է այստեղից` լինելով կյանքի շրջանակները ընդլայնող, նա չար է կոչվում: Միքայել Տեր-Հովհաննիսյանը որպես գրական կեղծանուն ծաղկի անուն է ընտրել եւ դարձել Նար-Դոս: Նման օրինակները շատ են` Դանիել Վարուժան ծնվել էր որպես Չպուգքյարյան, Միսաք Մեծարենցը Մեծատուրյան էր, Վահան Տերյանը` Տեր-Գրիգորյան էր: «Թեեւ վստահ եմ, որ հիմա եթե Տերյանի անունը մնացած լիներ Տեր-Գրիգորյան, մենք նրան նույն սիրով եւ հպարտությամբ կընդունեինք»,- ընդգծեց գրականագետը:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը


© 2009 ARMENPRESS.am