Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

18:20, 20 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր շնորհավորանքներն է ուղղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանությունից, շնորհավորական ուղերձում նշվում է. 

«Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:

Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը` Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` բարօրություն եւ փառք»:


© 2009 ARMENPRESS.am