ԵԱՀԿ ԽՎ դիտորդները ՀՀ նախագահի ընտրությունները որակել են բարելավված

11:29, 19 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները  հանդես են եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում նշվում է, որ փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել են, սակայն թեկնածուների սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:
Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:
«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան: «Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:
Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդների խոսքով, ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով: 
Լրատվական ծածկույթը թույլ է տվել ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշել են, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:
Հայաստանյան իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած ութերորդ դիտորդական առաքելությունն էր


© 2009 ARMENPRESS.am