Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան

15:45, 10 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված և վիրահատված թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 10-ին ժամը 15.30-ին դիմեց Սահմանադրական դատարան՝  նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրանքով: «Ես եղել եմ շատ վճռական, որ տեռորիստների գործիքը չեմ դառնա, բայց երբ տեռորիստները արդեն բացահայտված են, նշանակում է իրավիճակը մի քիչ փոխվել է: Առայժմ ես գնում եմ ընդամենը երկշաբաթյա երկարացման և կրկում եմ, որ  բացառված չէ, որ որոշակի իրավիճակում ես նույնիսկ դա չերկարացնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրիկյանը` Սահմանադրական դատարան մտնելուց առաջ: Թեկնածու Հայրիկյանի համար «որոշակի իրավիճակ» կարող է լինել նաեւ հետեւյալը. «եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա նա դիմում հետ կվերցնի եւ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին»:

 ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝  Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն: Քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Չնայած Հայրիկյանն արդեն մեկ անգամ` փետրվարի 5-ին հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել ՍԴ, սակայն, նրա առողջական վիճակն այդ օրվանից հետո վատացել է: 

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացվել է հունվարի 31-ին: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:


© 2009 ARMENPRESS.am