«Ես հավատում եմ, որ նա ինձ տեսնում է...». Հենրիխ Մխիթարյան

20:02, 7 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալանսում Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ազգային հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի` Վալանսում հանդես գալուց 18 տարի անց: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հաղորդման մեջ ասվում է, որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ իր հայրը` Համլետ Մխիթարյանն է հանդես է եկել Վալանսում: Հաղորդման մեջ նշվում է, որ Համլետը խաղացել է Վալանսում, եղել է ծագումով հայ օտարերկրացի ֆուտբոլիստ, որ ընտանիքը տեղափոխվել է Վալանս, եւ որ Հենրիխն այդ տարիներին շատ փոքր է եղել:

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույցում նշել է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել Հայաստան, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն: «Բայց կյանք է, կյանքը շարունակվում է ... Ես հավատում եմ, որ նա ինձ տեսնում է եւ հպարտ է...»:

Մարինա Թաշչյանը` Հենրիխի մայրը, նշել է, որ իր համար այս ամենը հուզիչ է եւ հաճելի, քանի որ իր որդին խաղալու է այն նույն մարզադաշտում, որտեղ խաղացել է նրա հայրը` ավելացնելով, որ այս ամենն իրեն վերադարձնում է իր ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները:

 


© 2009 ARMENPRESS.am