Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին

11:25, 1 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը իր արձագանքն է գտել միջազգային լրատվամիջոցներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային լրատվամիջոցները կատարվածը որակել են որպես մտադրված մահափորձ։ BBC-ն գրում է. «Հայրիկյանը հայտնի է Խորհրդային տարիներից և փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրության թեկնածուներից է։ Նա մի քանի տարի անցկացրել է «խորհրդային ճամբարներում» և աքսորվել է՝ որպես գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ և հակաիշխանական»։
Reuters-ը գրում է, թե Հայաստանում նախագահական ընտրությունները կասկածի տակ են, քանի որ ՀՀ սահմանադրության 52 հոդվածի համաձայն, եթե թեկնածուներից որևէ մեկը չի կարող մասնակցել ընտրություններին, ապա դրանք հետաձգվում են երկու շաբաթով։ «Հայրիկյանի մոտ են ժամանել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել իր հարևանների օգնությամբ, ովքեր, լսելով կրակոցի ձայնը, զանգել էին ոստիկանություն և շտապ օգնության ծառայություն»,-գրում է Reuters-ը։
The Washington Post-ը գրում է, որ նախագահի 63-ամյա թեկնածուն հնարավորություն ունի գալիք ընտրություններում հավաքել բավականաչափ ձայներ։ «Նա Խորհրդային տարիների այլախոհներից է»,-նշում է The Washington Post-ը ։
Aljazeera-ն ևս գրում է կատարվածի մասին՝ մեջբերելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը՝ «Նրանք, ովքեր դա արել են, ցանկացել են ապակայունացնել իրավիճակը երկրում, սակայն չի հաջողվել»,-մեջբերում է Aljazeera-ն։
Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայրիկյանը մահափորձի օրը եղել է իր նախընտրական շտաբում, հանդիպել է ընտրողների հետ և ունեցել մամուլի ասուլիս։ «Չնայած նրան, որ նախագահական մանդատը 5 տարի է, սակայն Հայրիկյանը հայտնել էր, որ պատրաստ է 2.5 տարում իրագործել իր ծրագրերը, ապա հրաժարական տալ»,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):


© 2009 ARMENPRESS.am