Հայաստանը բանակցում է ներդրողների հետ անսպառ էներգատեսակների ոլորտը զարգացնելու համար

11:26, 19 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանակցություններ են վարվում տարբեր օտարերկրյա և տեղական ներդրողների հետ՝  հողմային և արևային էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից ավարտվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: «Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է կառուցման լիցենզիա մինչև 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Քարախաչ 1» հողմաէլեկտրակայանի կառուցման համար»,- նշեց Հարությունյանը:

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ «Զոդ Ուինդ» մասնավոր ՓԲԸ-ն ավարտվել է Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունը բանակցություններ է վարում տարբեր  կազմակերպությունների հետ՝ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում է Հայաստանում մինչև 2025 թվականը կառուցել 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ:

2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման է հանձնվել Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը`  2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան: Հետազոտությունները ցույց են տվել  Հայաստանում քամու էներգիայի օգտագործման մեծ հեռանկարայնությունը: Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1,26 միլիարդ  կվտ/ժ:


© 2009 ARMENPRESS.am