Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հայրենիքում

13:52, 23 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը վստահաբար տեղի կունենա Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով, որ իրենց այդ մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: Այժմ մնում է հստակեցնել, թե մոտավորապես երբ դա կլինի, քանի որ ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը երկար է տեւում: «Երբ արդեն հստակ լինի տեղափոխման օրը, ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը»,- ասացին բաժնից: Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կամփոփվի աճյունը. դա եւս կորոշի հանձնաժողովը:  

ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Նա ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:


© 2009 ARMENPRESS.am