Հայ դատի հանձնախումբը Հունգարիայի դեսպանին է փոխանցել ամերիկահայերի վրդովմունքը

12:04, 12 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել ամերիկահայության զայրույթն ու վրդովմունքը` հունգարական կառավարության կողմից ոճրագործ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշման առնչությամբ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, պատվիրակությունը նաեւ քննադատել է «սաֆարովյան» գործի վերաբերյալ պաշտոնական Բուդապեշտի «թույլ արձագանքը»:

Հունգարիայի կառավարությանը կոչ անելով ներողություն խնդրել եւ դատապարտել Բաքվի ամոթալի արարքը` Հայ դատի հանձնախումբը դեսպանին է փոխանցել ամերիկահայերի մտահոգությունը. առաջին` Հունգարիայի կառավարությունը վստահություն չի ներշնչում, երբ պնդում է, որ տեղյակ չի եղել արտահանձնումից հետո մարդասպանին ներում շնորհելու մասին, երկրորդ` Հունգարիայի կառավարությունը վստահություն չի ներշնչում, երբ պնդում է, որ անտեղյակ է եղել Սաֆարովին հրապարակայնորեն հերոսացնելու կամ ազատություն շնորհելու մասին, եւ երրորդ` Հունգարիան վստահություն չի ներշնչում, երբ պնդում է, թե իրազեկված չի եղել, որ իր գործողությունները կնպաստեն  Ադրբեջանի կողմից սպառնալիքների եւ բռնի գործողությունների կտրուկ աճի, ինչպես նաեւ տարածաշրջանում ապակայունությանը:

«Սաֆարովյան» սկանդալը մեծ իրարանցում առաջացրեց համայն հայության, ինչպես նաեւ աշխարհի քաղաքակիրթ պետությունների շրջանում: Հունգարական ընդդիմությունը դատապարտեց վարչապետ Վիկտոր Օրբանի արարքը եւ հորդորեց նրան հրաժարական տալ: Հազարավոր հունգարացիներ ցույցերի միջոցով բողոքեցին Օրբանի այդ որոշման դեմ: Աշխարհասփյուռ հայերը` Հնդկաստանից մինչեւ Միացյալ Նահանգներ, Եվրոպայից մինչեւ Մերձավոր Արեւելք դուրս եկան բողոքի ցուցերի` Հունգարիայի դեսպանատների եւ հյուպատոսությունների առաջ: Եվ չնայած  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի եւ միջազգային հանրության քննադատություններին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ոճրագործ Սաֆարովին հարցում անկոտրում մնալ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: 


© 2009 ARMENPRESS.am