Կանադահայերը բողոքի ցույց են անցակցրել Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանատների առաջ

15:19, 8 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայերն Օտտավայում Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադայի Հայկական ազգային կոմիտեից:

Բողոքի ցույցին մասնակցել են նաև այնպիսի կազմակերօություններ, ինչպիսիք են Կանադայի Հայկական եկեղեցական երիտասարդական կազմակերպությունը, Հայկական ուսանողական միությունը, Կանադայում Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդ մասնագետները և կանադահայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Ցուցարարները դատապարտել են հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի կասկածելի արտահանձնումն Ադրբեջանին և Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջինիս ներում շնորհելը: Կանադահայերը մեղադրել են ադրբեջանական իշխանություններին էթնիկ հողի վրա հանցանք գործած մարդասպանին ոչ միայն չպատժելու, այլև իր երկրում ոճրագործին փառաբանելու համար:

Կանադայի Հայկական ազգային կոմիտեն ամենախոշոր և ազդեցիկ հայ-կանադական կազմակերպությունն է: Այն համագործակցում է տարբեր գրասենյակների և կազմակերպությունների հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ողջ աշխարհում և զբաղվում է կանադահայ համայնքին հուզող հարցերով:             


© 2009 ARMENPRESS.am