Ոճիրն իրագործելիս Սաֆարովն անգամ խղճի խայթ չի զգացել. ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինի

17:40, 7 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինին իր մտահոգությունն է հայտնել ազերի մարդասպան Սաֆարովի արտահանձման եւ երկրում նրան հերոսացնելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինչպես Ռոդ Այլենդի շատ հայեր, ես եւս ցնցված եմ` իմանալով, որ Սաֆարովին ամբողջական ներում է շնորհվել նախագահ Ալիեւի կողմից, ոճրագործը փոխհատուցվել է եւ հերոսացվել: Սաֆարովը դատապարտվել էր դիտավորյալ հանցագործություն գործելու համար, որը գործելիս խղճի խայթ անգամ չի զգացել: Եվ մինչ այսօր Սաֆարովին փառաբանում են Բաքվում,  զոհ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի անդամների եւ ընկերների համար որեւէ արդար լուծման նշույլ դեռեւս չկա: Այս տարիների ընթացքում լուրջ հարցեր են բարձրացել` արդյոք Ադրբեջանի կառավարությունը ձգտում է խաղաղ, ոչ բռնի հարաբերություններ հաստատել հայ ժողովրդի հետ: Ալիեւի` այս շաբաթվա չմտածված քայլերը ոչինչ չեն անում ծառացած խնդիրները լուծելու համար»,-նշել է Սիսիլինին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: 


© 2009 ARMENPRESS.am