Ռասմուսենը Բաքվում խոսել է Սաֆարովին ներում շնորհելու բացասական հետևանքների մասին

11:54, 7 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, կրկնելով Երևանում արած իր հայտարարությունը, Բաքվում ևս իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական 1news.az-ը:

«Սաֆարովին ներում շնորհելը չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` ընդգծելով, որ այս ամենը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի կայունության և անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյան խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Ռասմուսենը հերթական անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աջակցում է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագանհերին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեին այցելել էր Հայաստան, հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am