Վիկտոր Օրբանը հանդես է եկել Սաֆարովի արտահանձման մասին հայտարարությամբ

15:04, 4 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված գործընթացները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական XPATLOOP.com կայքը, սեպտեմբերի 3-ին արված հայտարարությամբ Օրբանն անդրադարձել է Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային եւ դրա հետ կապված վերջին իրադարձություններին: «Սաֆարովի արտահանձման հարցում Հունգարիան գործել է միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այդ գործողությունները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»,-նշել է Օրբանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին, սակայն, Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւի կոմղից ոճրագործը ներման արժանացավ, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով:

Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:


© 2009 ARMENPRESS.am