Սաֆարովին ներում շնորհելը Ստրասբուրգի կոնվենցիայով արդարացնելու Բաքվի փորձերն անհիմն են և հրեշավոր. Շավարշ Քոչարյան

20:40, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով արդարացնելու Բաքվի փորձերն անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում պաշտոնական Բաքվի փորձերը` արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ: «Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն: Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան «արժեհամակարգին»: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ»,-նշեց փոխնախարարը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:


© 2009 ARMENPRESS.am