Հունգարական ընդդիմությունը պահանջում է արդարադատության նախարարի հրաժարականը

17:40, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը պահանջում է Հունգարիայի փոխվարչապետ, հանրային կառավարման և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչի հրաժարականը: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ընդդիմադիր, ձախակողմյան կուսակցությունից, Հունգարիայի կառավարությունը պատշաճ կերպով չեզոքություն չի ցուցաբերել հայհ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ:

«Վիկտոր Օրբանի կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հանձնելով ցույց է տալիս, որ Հունգարիայում չեն գնահատում մարդու կյանքը, եթե կացնահարող հանցագործը կարող է ազատ արձակվել»,- հայտնեցին կուսակցությունից:

Կուսակցությունից նաև շեշտեցին, որ Սաֆարովին արտահանձնելու քայլով: «Օրբանի կառավարության այս քայլն առաջացրեց միջազգային հանրության նողկանքը և քաղաքակիրթ մարդկության քննադատությունը»,- շեշտում է «Ժողովրդավարական կոալիցիան»: Կուսակցությունը պահանջում է նաև հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ:

«Ժողովրդավարական կոալիցիան» ձախ կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին: Հիմնադրվելով 2010թ-ին որպես Հունագրիայի սոցիալիստական կուսակցության մաս` այն 2011թ-ին անջատվել է սոցիալիստական կուսակցությունից` ձևավորելով առանձին կուսակցություն և խորհրդարանական խմբակցություն: «Ժողովրդավարական կոալիցիան» 300 պատգամավորական տեղ ունեցող հունգարական խորհրդարանում ունի 10 պատգամավոր:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: 


© 2009 ARMENPRESS.am